Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանի խոսքով՝ «նախկիններն այս անգամ փող բաժանեցին ընդդիմություն դառնալու համար»


Ըստ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի՝ այսօր ունենք Ազգային ժողով, որը ժողովրդավարության կանոններով ընտրված Ազգային ժողով է։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սարգսյանն ընդգծեց՝ եթե նախկինում նախկինները փող էին բաժանում իշխանության գալու համար, էս անգամ փող բաժանեցին ընդդիմություն դառնալու համար

Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

Արամ Սարգսյան․ - Այսօր ունենք Ազգային ժողով, որը ժողովրդավարության կանոններով ընտրված Ազգային ժողով է՝ հնարավորինս շատ քիչ խախտումներով, որը չի արել իշխանությունը, իմ կարծիքով, կամ եթե արել է, շատ քիչ է արել։ Եթե նախկինում նախկինները փող էին բաժանում իշխանության գալու համար, էս անգամ փող բաժանեցին ընդդիմություն դառնալու համար և այդն նիշան են զբաղեցնում Ազգային ժողովում և պատրաստ են գնալու Ազգային ժողովում աշխատելու, ինչը ես համարում եմ շատ ճիշտ։ Հավատալ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ այսքան կարճ ժամանակ հետո, իրենք կարող են հետ գալ, որ էդ մերժվածը մոռացվել է ու էդ համակարգը կարող է նորից վերածնվել, էս իրականությունից պետք է բացարձակ կտրված լինեիր։ Երկրորդ տեղն արդեն ձեզ համար էն մաքսիմումն է, ինչի կարողացաք հասենլ ձեր հին մեթոդներով։

«Ազատություն»․ - Դուք արդյո՞ք հնարավոր համարում եք մոտալուտ նոր արտահերթ ընտրություններ։ Քոչարյանն ասաց՝ «եթե իշխանությունները շարունակեն աշխատել նույն ոգով, դա տեղի կունենա»։ Այլ՝ ավելի արմատական ուժեր, ասում են՝ «մեկ-երկու տարվա կյանք է ունենալու այս խորհրդարանը»։

Արամ Սարգսյան․ - Այն պատկերը, ինչը որ կա, հանրային ամբողջության պատկեր է, և դրա հետ հաշվի չնստելը, հանրությանը չգնահատել է նշանակում։ Արդար ընտրությունների արդյուքնում ձևավորված իշխանությունը քաղաքագիտական կատեգորիա է և պիտի աշխատի մինչև իր ամբողջական ժամկետի վերջը, եթե երկրում չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ։

«Ազատություն»․ - Վե՞րջ, ճգնաժամը հաղթահարվա՞ծ է, արդյո՞ք այս պատկերը ժողովրդի ցանկությունն արտացոլեց՝ միայն նորեր ու հներ։

Արամ Սարգսյան․ - Ճգնաժամը հաղթահարված է քաղաքական ցնցումների առումով, և այն մարդիկ, ովքեր արմագեդոն էին կանխատեսում, ընտրություններին մահեր ու պատերազմ էին կանխատեսում՝ քաղաքացիական պատերազմ․․․ 17-ը սկզբի օրերից որ խոսում էր, ասում էր՝ «տեղի չունեցավ» և, փառք Աստծո, տեղի չունեցավ․․․

«Ազատություն»․ - Կներեք, ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ նաև Էդմոն Մարուքյանը ևս քաղաքացիական պետերազմից էր խոսում։

Արամ Սարգսյան․ - Այո՛, ես կարծում եմ, որ այն մարդիկ, սկսած Տեր-Պետրոսյանից, ովքեր նման կանխատեսումներ են հայտնել, պիտի ներողություն խնդրեն ժողովրդից, որ վատ կարծիք են ունեցել մեր ժողովրդի մասին ու վատատես են եղել ու վախեցրել են մեր ժողովրդին, և այս արտահերթ ընտրություններից հետո փողոցում բացարձակ հեղափոխական տրամադրություններ ես չեմ տեսնում, բացարձակ, Երևանը շատ ավելի հանգիստ է, քան որևիցե ժամանակ է եղել։ Լուծվեց արդյո՞ք ընդհանուր խնդիրը, իհարկե ՝ ոչ, որովհետև խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժերն էլ միանշանակ Ռուսաստանի, ռուսական ենթատեքստում գտնվող ուժեր են և մեկը մյուսին մեղադրում է Ռուսաստանի հետ ավելի վատ հարաբերություններ ունենալու, կամ Պուտինի հետ ավելի վատ բանակցելու մեջ, ուրիշ որևէ մոտեցում այս առումով չկա։ Այսինքն՝ թե՛ Արցախի խնդրի հետ կապված հարցը, թե՛ տնտեսության հետ կապված խնդիրները տեսնում են Ռուսաստանի հետ Եվրասիական տնտեսական միությունում և գոյություն չունեցող ՀԱՊԿ կառույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG