Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Այո, Փաշինյանը հաղթել է ընտրություններում»


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ, արխիվ

«Այո, ես կարծում եմ, որ նա հաղթել է». - Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը BBC֊ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ընդունել է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում: Միաժամանակ ակնարկել` Փաշինյանի ընդդիմախոսները պարտվեցին սեփական սխալ հաշվարկների պատճառով:

«Մենք մշտապես ասում ենք, որ երկրում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որի մի մասն օկուպացված է հարևանի կողմից, երկրում, որի բազմաթիվ զինվորներ ու սպաներ դեռ գտնվում են գերության մեջ, որը դեռ հողին չի հանձնել զոհված զինվորների բոլոր աճյունները, ընդհանրապես ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ: Սակայն, ցավոք, այս հարցում ընդդիմությունն ընդհանուր հայտարարի չեկավ, և շատերը` իրենց անձնական պատկերացումներից ելնելով, որոշեցին գնալ ընտրությունների: Եվ մենք պարտադրված էինք մասնակցել», - ասել է նախկին նախագահը:

44-օրյա պատերազմում կործանարար պարտությունից հետո Սարգսյանի Հանրապետականը՝ 17 կուսակցությունների կազմում, փողոցային ցույցեր էր անցկացնում` պահանջելով իշխանությունը փոխանցել անցումային կառավարությանը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ընտրություններն էլ անցկացնել մեկ տարի անց: Ամիսներ շարունակ ընդդիմադիր այդ դաշինքը մերժում էր Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ ընտրությունների գնալու գաղափարը: Հունվարին, սակայն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` եթե ընտրություններ, այդուամենայնիվ, կազմակերպվեն, ինքը կմասնակցի և կհաղթի:

«Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, և, այնուամենայնիվ, գնան այդ քայլին, ընտրություններում իրենց մենակ թողնել, այսպես, հանրության հետ՝ ուղղակի չեմ կարծում, որ ճիշտ է: Դրա համար, այո, մասնակցելու ենք և կրելու ենք», - ասել էր Քոչարյանը:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում չի հստակեցրել` կշտամբանքը Քոչարյանի՞ն էր ուղղված, թե՞` ընդդիմադիր դաշտի այլ ուժերի:

«Պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել Ղարաբաղի հարցը»

Երեք տարի առաջ՝ ժողովրդական ընդվզումներից հետո իշխանությունից հեռացած առաջնորդն ավելի բաց ու մանրամասն ղարաբաղյան խնդրին է անդրադարձել: Սարգսյանը կրկին պնդել է, թե 2018֊ին` նախագահության երկու ժամկետից հետո որոշել էր երկարաձգել իշխանությունը միայն և միայն այդ խնդրի կարգավորման ու հաշտության գործընթաց սկսելու համար:

«Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչմիթիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։ Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա», - վստահեցրել է Հայաստանի նախկին նախագահը՝ շարունակելով. - «Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման ճակատագրի: Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ էլ` պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին»:

Սարգսյանի խոսքով, իր օրոք ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերը հասել էին ի կետի, երբ արդեն ակնկալվում էր ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Ըստ այդ սցենարի, հայկական կողմը պետք է վերադարձներ հինգ շրջանները Ղարաբաղում հանրաքվեի անցկացման համաձայնության դիմաց` առանց դրա հստակ ժամկետների: Մյուս երկու շրջանները՝ բացառությամբ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի, պետք է վերադաձվեին հանրաքվեի անցկացումից հետո: «Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման գործընթաց», - ասել է Հայաստանի երրորդ նախագահը:

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակաբար պնդում է, թե Ադրբեջանը երբեք չեր համաձայնելու կարգավորման որևէ ծրագրի, և ինչին համաձայներ Հայաստանը, Բաքուն ավելին էր պահանջելու: Երբ BBC-­ի լրագրողը հետաքրքրվել է Սերժ Սարգսյանից՝ իսկ Ալիևը համաձայնելո՞ւ էր, նախկին նախագահը խուսափողական պատասխան է տվել. - «Գրեթե», - ասել է նա, միաժամանակ հավելել. - «Ալիևը կարող էր չհամաձայնել, սակայն դրա համար գոյություն ունի միջազգային համայնքը` Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը»: Ավելին, ըստ Սարգսյանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն կար բանաձևի նախագիծ: Թե ով կամ ովքեր էին դրա հեղինակը, երբ էր այն դրվելու շրջանառության մեջ և ինչ էր ենթադրում, նա չի մանրամասնել:

Ի տարբերություն ընդդիմության շատ առաջնորդների, որոնք պատերազմի սկսման ողջ պատասխանատվությունը դնում են Փաշինյանի անհեռատես քաղաքականության վրա, մեղադրում նրան դավաճանության և Ղարաբաղը միտումնավոր հանձնելու մեջ, Սերժ Սարգսյանը պնդել է` կատարվածը ոչ թե նենգ ծրագիր էր, այլ` կոպիտ սխալների և հիմար հաշվարկների արդյունք: «Մենք Փաշինյանին մեղադրում ենք ոչ թե այն բանի համար, որ նա ստորագրեց եռակողմ փաստաթուղթը, երբ ադրբեջանցիներն արդեն գրավել էին Շուշին և իսկապես մոտեցել Ստեփանակերտին, այլ` այն իրավիճակի համար, որ նա ստեղծեց», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք չենք ասում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն և միայն Հայաստանի սխալների պատճառով: Ոչ: Ադրբեջանը միշտ է ցանկացել այս հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն նրա գործողությունները երբեք չէին կարող համարվել լեգիտիմ, համենայն դեպս` միջազգային համայնքի համար, ինչը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ի դրությամբ: Միջազգային համայնքի արձագանքն այն չէր, որը պետք է լիներ», - ընդգծել է նախկին նախագահը:

Հայկական կողմի դիրքերը, ըստ Սարգսյանի, թուլացել են արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանի թույլ տված մի շարք կոպիտ սխալներից հետո: «Նրանք դեմ գնացին միջազգային համայնքին, բանակցությունները մտցրին փակուղի, կարծելով, թե պատերազմ չի լինի, քանի որ իրենք ժողովրդավար են, լեգիտիմ, իսկ Ալիևը` բռնապետ», - պարզաբանել է երրորդ նախագահը:

«Դրան հետևեցին շատ կոպիտ սխալներ: Խոսքը միայն Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության մասին չէ: Այլ՝ այն հայտարարության մասին, թե ինքը հրաժարվում է բանակցություններից, քանի դեռ Ղարաբաղը դրանց չի մասնակցում: Ինչպե՞ս կարելի էր չհասկանալ, որ այդ պահանջը դրվում է ոչ թե ադրբեջանցիների, այլ` նախ և առաջ Մինսկի խմբի համանախագահների առաջ: Որովհետև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահները հինգ հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին թե՛ կարգավորման սկզբունքների, թե՛ ձևաչափի մասին: Եվ ակնհայտ էր, որ Ղարաբաղը չի կարող դառնալ բանակցությունների լիիրավ մասնակից», - մանրամասնել է Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահը կործանարար է որակում տավուշյան մարտերը

Սարգսյանը նաև Փաշինյանի վարչակազմից տրամագծորեն տարբերվող գնահատական է տվել անցած տարվա տավուշյան մարտերին, որոնց արդյունքում հայկական կողմը դիրքային որոշ բարելավում էր գրանցել: Վարչապետ Փաշինյանը կատարվածը որակել էր հաղթական հերոսամարտ և պնդել, թե Հայաստանի Զինված ուժերը ամենամարտունակն ու ամենաինտելեկտուալն են տարածաշրջանում: Սարգսյանը, մինչդեռ, կործանարար է որակել սահմանային այդ միջադեպը, պարզաբանելով` դրանից հետո Ալիևն ուղղակի ստիպված էր ինչ֊որ բան անել:

Տավուշյան մարտերից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվորեն զենք-զինամթերք, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հրթիռային կայանքներ ձեռք բերել Անկարայից, երկու երկրները նաև լայնածավալ զորավարժություններ անցկացրին Նախիջևանում, ինչից մեկ ամիս անց, փաստացի, սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անցած օգոստոսին «Ազատությանը» տված հարցազրույցում ընդունել էր, որ տավուշյան մարտերում Ադրբեջանի կրած անհաջողությունը ստիպել է Բաքվին աջակցություն խնդրել Անկարայից: Միաժամանակ, Գրիգորյանը վստահեցրել էր` ամբողջովին պատրաստ են այդ զարգացումներին և հանձնառու՝ պաշտպանելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը:

«Մենք պարբերաբար մեր և՛ միջազգային գործընկերներին, և՛ բնականաբար, օրինակ, Ադրբեջանին բացատրել ենք, որ «մի փորձեք չափել մեր համբերությունը, մի փորձեք ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ»: Եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ իր անվտանգությանը սպառնալիքներ կան, քայլեր է ձեռնարկելու, և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնի: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգություն մենք պահելու ենք, պահպանելու ենք և չենք թողնելու, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այդ անվտանգությունը նույնիսկ մեկ միլիմետր իջնի», - պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ «Ազատությանն» ասել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:

XS
SM
MD
LG