Մատչելիության հղումներ

«Զինվորները քվեարկել են մոտավորապես հենց այնպես, ինչպես միջինում հանրությունն է քվեարկել». Իոաննիսյան


«Զինվորները քվեախցիկից արդեն պատրաստի քվեաթերթիկով ծրարը վերցնում ու դուրս են գալիս». տելեգրամյան ալիքներից մեկը այս վերնագրով տարածել է զինվորների քվեարկությունից մի դրվագ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ տեսանյութն ուղարկվել է վեցերորդ կայազորային քննչական բաժին, նյութեր են նախապատրաստվում։

«Ո՞ր տեղամասն է», - երեկվանից հարցնում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ - «Տեսանյութը տարածողները չեն ասում, թե որն է ընտրական տեղամասի համարը։ Որովհետև հենց իրենք ասեն տեղամասի համարը, հաշված րոպեների ընթացքում մենք կգտնենք այդ տեղամասի որակյալ արդեն վիդեոն, ավելի երկար վիդեոն, այսինքն՝ այդ զինվորի ամբողջ տեղաշարժը»։

Համացանցը քննարկում է. ի՞նչ գիտեք, որ սա այս ընտրություններին է վերաբերում, որտե՞ղ է երևում, որ ընտրախախտում կա։ Իոաննիսյանը ճշտում է՝ խոսքն այս ընտրությունների մասին է։ - «Դատելով նրանից, որ գրիչ չեն օգտագործում, հավանաբար հենց այս ընտրություններ են։ Դատելով համազգեստից և այլ անձանց հագածից, երևում է, որ ամառն է»։

Ըստ Իոաննիսյանի, էական խախտում չկա, համենայն դեպս, անորակ տեսանյութում նման բան չի երևում։ Բացի նրանից, որ չօգտագործված թերթիկները ոչ թե խցիկի արկղն են նետում, այլ խցիկի տակ, ինչը, ըստ նրա, լուրջ խախտում չէ։

Տեսանյութում սակայն երևում է, թե ինչպես է զինծառայողներից մեկը խցիկ մտնում և հեռանում այդպես էլ թերթիկը ծրարի մեջ դնելու գործողությունը չանելով։

«Վերջապես ինչ-որ մեկը նորմալ բացատրեց, թե խնդիրը ինչումն ա», - ասաց Իոաննիսյանը։ Ըստ դիտորդական դաշինքի ներկայացուցչի՝ կա'մ նրան նախապես տրվել է քվեաթերթիկով ծրարը, կա'մ հերթի մեջ ինքն է նախապես այդ գործողությունն արել, կա'մ էլ ընտրակարգին չի տիրապետում և բոլոր թերթիկները նետում է, դատարկ ծրարով հեռանում։ Իոաննիսյանի դարձյալ ասաց, թե որակյալ տեսանյութը գործողությունների ողջ շղթայով եթե լինի, ամեն ինչ պարզ կդառնա։

Այժմ «Անկախ դիտորդ» դաշինքում ուսումնասիրում են մինչև 1500 ընտրող ունեցող բոլոր տեղամասերի տեսանյութերը։ Զինվորների ուղղորդված քվեարկության վերաբերյալ ահազանգեր ընտրության օրը հնչում էին տարբեր տեղամասերից, ընդդիմության վստահված անձանցից։

«Մենք դիտորդներով նկատել ենք, որ նախապատրաստված են, քանի որ իրանք խամ են, առաջին անգամ են ընտրության մասնակցում։ Ու էդ ամեն ինչը պարզ երևաց», - ասում է ընդդիմության վստահված անձանցից մեկը։

«Զինվորները դրսից մտնում են ուղղորդված ու բոլորը քվեարկում են նույն մարդու օգտին», - հավելում է գործընկերը։

Դատախազությունից տեղեկացնում են, որ զինծառայողների ուղղորդմանը վերաբերող բոլոր հրապարակումները ստուգվում են, քրեական գործ դեռևս չկա, նյութեր են նախապատրաստվում։

«Ականատես» դիտորդական դաշինքի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է, որ իրենք էլ ընտրատարածքային հանձնաժողով են դիմել՝ զինվորների վերահսկվող քվեարկության կասկածով։ - «Հրամանատարը ներկա էր դռան մոտ, և շատ դեպքերում արձանագրվում են գաղտնիության խախտում զինծառայողների կողմից քվեարկության ընթացքում»։

Ահազանգերի մեծ մասը Սյունքիից է, քանի որ այս մարզում զինվորական մեծ անձնակազմ է քվեարկում.

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն քարոզչական որևէ հրահանգ զինվորներին բացառում է. - «Ես նման բաներ չեմ լսել, որ զինվորականները կարող ա հրահանգավորված գան ընտրեն։ Նման բաներ ես չեմ նկատել»։

Ընտրության օրը Պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, թե այն, որ տեսանյութերում երևացող զինծառայողները համակարգված ընտրում են, հիմնավոր փաստարկ չէ, թե նրանք ուղղորդված են ընտրում։ Պարզապես զինվորների տեղաշարժը հենց այդպես համակարգված է տեղի ունենում։

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամներն ուսումնասիրել են զինվորների մեծ թիվ ունեցող տեղամասերի արդյունքը։ Արտառոց բան, ասում է Իոաննիսյանը, չկար. - «Զինվորները քվեարկել են մոտավորեպես հենց այնպես, ինչպես միջինում հանրությունն է քվեարկել»։

«Ականատես» դիտորդական դաշինքի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանի տպավորությամբ, եթե զինվորները տարբեր տեղամասերում, տարբեր մարզերում ուղղորդված քվեարկել են, ապա այդ ուղղորդումները եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի քաղաքական ուժերի կողմից։

XS
SM
MD
LG