Մատչելիության հղումներ

Քննարկվել է սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը. ըստ քաղաքագետի` ՌԴ-ն շտապում է դիրքերն ամրապնդել


Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիների մասին` Վաղարշակ Հարությունյանը նշել է՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Ռուս սահմանապահների տեղակայման կամ թվաքանակի մասին այլ մանրամասներ պաշտպանության գերատեսչությունից չեն հաղորդում։

Հայտնի է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո տեղակայվել են Սյունիքում, ավելին՝ վերջերս կառավարությունը մարզի որոշ համայնքների մի շարք գյուղերի հողամասեր անհատույց հատկացրեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ 20 օր առաջ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկում էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ` Ռուսաստանը շտապում է օգտվել Հայաստանում տիրող ներքին լարված իրավիճակից. «Ռուսաստանը շատ լավ գիտի` ինչ տրամադրություններ են Հայաստանի հասարակության ներսում` քննադատական Ռուսաստանի նկատմամբ, ու գիտեն այդ նոր տենդենցները, որ նաև կառավարությունն այսօրվա, նաև շատ ու շատ քաղաքական ուժեր պահանջում են, որ Հայաստանն իր անվտանգությունը ապահովի ոչ միայն Ռուսաստանի հետ աշխատելիս, նաև Ֆրանսիայի մասին է խոսվում, Եվրամիության, Միացյալ Նահանգների, այլ խաղացողների հետ: Դա է պատճառը, որ Ռուսաստանը, այո, շտապում է, Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մերժել իրենց չի կարող»:

Եթե Շոյգու-Հարությունյան հեռախոսազրույցից հասկանում ենք, որ ռուս սահմանապահների հարցը օրակարգում է, ապա ԵԱՀԿ-ից հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայման առաջարկին ուղիղ պատասխան դեռ չի տրվել։

Քաղաքագետը հիշեցնում է նաև ԵԱՀԿ-ի վերջին հայտարարությունը, որտեղ նշված է` Մինսկի խմբի շրջանակում պատրաստ են քննարկել Արցախում բազմազգ խաղաղապահ ուժեր տեղադրելու հարցը։

Ըստ Գրիգորյանի՝ սա նշանակում է, որ նույն տրամաբանությունը կարող է գործել նաև հայ-ադրբեջանական սահմանին. «Նշանակում է, որ ոչ մի բան վերջնական չի, ոչ մի բան կորած չի, ուղղակի այո, Ռուսաստանն իր շահերը ունի, ուզում է արագ-արագ առաջ գալ, ամրապնդել իր դիրքերը մեր տարածաշրջանում, բայց ես ուզում եմ ասել, որ այս ընտրություններից հետո Աստված տա` կայունանա վիճակը Հայաստանում, Հայաստանը բազմավեկտոր քաղաքականության կանցնի, նշանակություն չունի` ուզում է Նիկոլ Փաշինյանը, թե չի ուզում»:

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարվեց մայիսի 12-ին, երբ հայկական կողմի հաղորդմամբ՝ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ու մի քանի կիլոմետրով հատեց Հայաստանի սահմանը պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքում ու Գեղարքունիքում։ Մեկ ամսից ավելի է` սահմանամերձ գյուղի բնակիչներն ապրում են լարված իրավիճակում՝ կրակոցների ներքո։

Հերթական միջադեպի մասին է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ երեկ ադրբեջանցի զինծառայողները Վերին Շորժայում կրկին անասուն են գողացել։ Կրակոցներ են արձակվել հովիվների ուղղությամբ:

Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է՝ այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց կենդանիներին: «Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` Հայաստանի քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ», - ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

Ամբողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստաել Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։ Վերջիններիս հեռախոսները կա՛մ անհասանելի էին, կա՛մ էլ չէին պատասխանում զանգերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG