Մատչելիության հղումներ

Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ


Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական ստորաժաբանումների իրականացրած հակազդման գործողություններից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:

Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG