ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել ղարաբաղյան բանակցությունները։
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության աճը վկայում է, որ չլուծված հարցերը լուրջ մարտահրավեր են մնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը»,- այսօր ասել է նա տեսակապով ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը, որը նվիրված է «ԵԱՀԿ-ն Շվեդիայի նախագահության» առաջնահերթություններին և առկա զարգացումներին։
Նա նշել է, որ անհրաժեշտ է թուլացնել հայ-ադրբեջանական լարվածությունը և կողմերի միջև երկխոսություն սկսել վերականգնելու բանակցությունները` քաղաքական կայուն կարգավորման հասնելու համար, միջազգային օրենքներին համապատասխան, որպեսզի լուծվեն նաև հումանիտար և մարդու իրավունքների խնդիրները։
Անն Լինդեն ասել է, որ խնդիրները լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն ձևաչափն է։ «Ես լիովին աջակցում եմ համանախագահների և իմ ներկայացուցչի ջանքերին հակամարտության կարգավորման համար»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարողացավ հասնել կրակի դադարեցմանը։ «Ռուսաստանը ակտիվ դեր է խաղում տարբեր ոլորտներում, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցում։ Փաստ է, որ Ռուսաստանը կարողացավ հասնել կրակի դադարեցմանը։ Կցանկանայի ուշադրության դարձնել ոչ միայն երկու հազար ռուսաստանցի զինծառայողների տեղակայմանը, այլ նաև, որ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունը ևս դերակատարություն ունենան»,- ասել է նա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են առաջընթացի հասնել և հանդես գալ կրեատիվ առաջարկներով։