Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։
Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈւ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
Անդրադարձ է կատարվել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցերի։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: