Ոչ թե ընտրարշավ, այլ վճռական մարտից առաջ սպառնալիքների արշավ․ այն, ինչին ականատես ենք լինում վերջին օրերին, քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով, տևական ժամանակ կուտակված ագրեսիայի հետևանքն է:
Նիկոլ Փաշինյան․ - Դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ և դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր։
Իշխան Սաղաթելյան․ - Ինքը ու մնացած պատասխանատուները գնդակահարությունով չեն պրծնելու։
Սերժ Սարգսյան․ - Լկտին էդպիսինն ա, եթե բերանին չես տալիս, նորիս սկսում ա իր բերանի կեղտը շաղ տալ։
Ռոբերտ Քոչարյան․ - Ռուսերեն ասում են дуэль, այ դրան պատրաստ եմ հրավիրելու՝ յուրաքանչյուր զենքի տիպով։
Նիկոլ Փաշինյան․ - Վերցրու ուզածդ զենքը, նշանակիր և ես գալու եմ ժողովրդի հետ և մենք քեզ սատկացնելու ենք՝ քաղաքական իմաստով։
Բաղդասարյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզչությունը, ըստ էության, վերածվել է առանց գաղափարների ու ծրագրերի պայքարի, որովհետև, ասում է՝ այդպես ավելի հեշտ է կողմերին։
«Որովհետև բոլորն էլ խոցելի են. Քոչարյանը խոցելի է իր անցյալով, Նիկոլ Փաշինյանը խոցելի է իր գործունեությամբ, իր խայտառակ պարտված պատերազմով, իր ձախողումներով, դրա համար էլ փոխադարձ մեղադրանքներն ու հայհոյանքներն ավելի շահեկան են, քան ծրագրեր ներկայացնելը, որովհետև դա ավելի բարդ կլիներ անել և այդտեղ իրենք բազմաթիվ մրցակիցներ կունենային», - ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքական մեկնաբանը տպավորություն ունի, թե քաղաքական ուժերի մեծ մասը հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին չի պատրաստվում, նպատակներն այլ են․ - «Տպավորություն ունեմ, թե ի վերջո Հայաստանի իշխանությունների ապագան որոշվելու է ոչ այնքան հունիս 20-ի, որքան դրան հաջորդող գործընթացների արդյունքում, որոնք, ցավոք սրտի, կարող են շատ լարված լինել»։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նախընտրական քարոզչությանը «խայտառակ» բնորոշումն է տալիս։ Նա ասում է՝ չի հիշում նախկինում գեթ մեկ քարոզարշավ, որ երկրի ղեկավարից սկսած մինչև ընդդիմություն նախընտրական պայքարը կվերածեր նման մակարդակի հայհոյախառը գզվռտոցի՝ օգտագործվող բառապաշարից մինչ վարքագիծ։ Կասկած չունի՝ այդ առճակատման մեջ խաղի կանոններ թելադրողն ու գլխավոր դերակատարը գործող իշխանությունն է։
«Անությլատրելի է։ Սեփական ժողովրդի, սեփական պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է նման արտահայտությունները, նման վարքագիծը, բառապաշարը։ Սա նշանակում է, որ իրենք իրենց ընտրողին ընկալում են որպես զրո գաղափարախոսություն կրող մարդ, զրո գիտելիք, զրո ընկալումներ ունեցող մարդ», - ասաց իրավապաշտպանը։
Մարդկանց մոտ կեղծ տպավորություն է ստեղծվում, թե պայքարում երկու ուժ է՝ գործող իշխանությունն ու երկրորդ նախագահի գլխավորած դաշինքը, ասում են իրավապաշտպանն Նինա Կարապետյանցն ու քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Նրանք համոզված են՝ այլընտրանք կա, պարզապես մյուս քաղաքական ուժերը դուրս են մնում ուշադրության կենտրոնից։
«Պիտի մարդիկ հասկանան, թե ինչ են ընտրելու, եթե դեռ իշխանություն չունեցող ուժերն էսպիսի բառապաշարով, էսպիսի վարքագծով են դրսևորում իրենց պատկերացումները, ի՞նչ կլինի, երբ կունենան իշխանություն, նորից ունենան իշխանություն, սա սարսափելի է ուղղակի պատկերացնել», - ասաց Նինա Կարապետյանցը։
Արմեն Բաղդասարյանն էլ ընդգծեց․ - «Քաղաքական բախումներից, որոնց հավանականությունը շատ մեծ է, խուսափելու միակ ձևն այն է, որ հասարակությունն ընկալի, որ երկու բևեռ չկա, իրականում կան նաև այլ բևեռներ և փորձի ո՛չ տրվի իշխանությունների, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի սադրանքներին և պարզապես ընտրություն կատարի մյուս քաղաքական ուժերի և ծրագրերի միջև և այդ դեպքում բախումներն, անգամ քաղաքացիական պատերազմի, հավանականությունը կնվազի»։
Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյան խիստ մտահոգիչ է համարում նախընտրական քարոզարշավի ընթացքի մթնոլորտը։ Ըստ օմբուդսմանի՝ դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
«Այսպես շարունակել չի՛ կարելի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար», - հայտարարել է Պաշտպանը: