Մատչելիության հղումներ

Քոչարյան. «Մեր նպատակներն իրականացնելու համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդենք այստեղից»


«Հայաստան» դաշինքը քարոզարշավի երրորդ օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում էր: «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ միասին դաշինքի մաս կազմող ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց առաքելությունն է ժողովրդի մեջքը ուղղելը և հաղթանակ բերելը:

Ըստ նրա` այս դաշինքում հավաքվել են այն մարդիկ, ովքեր գիտեն այդ հաղթանակին հասնելու ձևերը: Ռուստամյանն ասաց, որ սա ճակատագրական ընտրություն է և հնարավորություն` պետությունը մղձավանջից դուրս բերելու համար. «Մենք եկել ենք` մեր ժողովրդին բերելու հաղթանակ, մեր ժողովրդի մեջքն ուղղելու, մենք պարտավոր ենք մեր ժողովրդին պարգևելու նորից հաղթանակի բերկրանք: Եվ այստեղ այն մարդիկ են, ովքեր այդ հաղթանակի ղադրը գիտեն, ինչպես ասում է մեր ժողովուրդը, դրան հասնելու ձևերն ու եղանակները գիտեն, և ինչքան էլ դժվար լինի վիճակը, մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը միակամ, միասնական լինելու պարագայում ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել: Այս ընտրությունն այդ առումով է ճակատագրական»:

Իր ելույթում դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ անվտանգ ու պաշտպանված երկիր կառուցելու, մարդկանց կյանքի որակի բարելավման ու երկրում սեր ու համերաշխություն հաստատելու համար պետք է հեռացնել իշխանությանն` իր առաջնորդի հետ միասին. «Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը, և մեր նպատակներն իրականացնելու համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդենք այստեղից»:

Հայաստանի երկրորդ նախագահը պնդեց` տարբեր տեսակի ճնշումներով փորձում են խանգարել իր առաջնորդած «Հայաստան» դաշինքին իր գործունեության մեջ, սակայն խոստացավ, որ այն պետական աշխատողները, որ հեռացվել են աշխատանքից, իրենց իշխանության գալու դեպքում` կառավարության ձևավորման հենց հաջորդ օրն իսկ, վերականգնվելու են իրենց աշխատատեղերում, և փոխհատուցվելու են վնասները, որոնք այդ քաղաքացիները կրել են քաղաքական հայացքների պատճառով։

XS
SM
MD
LG