Հայ ազգային կոնգրեսն այսօր հանդիպում անցկացրեց իր երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ:
Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպման սկզբում, ելույթով հանդես գալով, անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա սկանդալային առաջարկին` իր որդուն փոխանակել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների հետ: Նա նշեց, որ սա էժանագին հնարք է, քանի որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ միջազգային հանրությունն ու Ալիևը երբեք դրան չեն գնա, և փորձում է իր որդու հաշվին դիվիդենտներ հավաքել:
«Դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ընդամենը ներքին սպառման համար, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի, այսպես կոչված, հասցեատերը` Իլհամ Ալիևն ուղղակի արհամարհանքով կպատասխանի նման առաջարկին: Բնականաբար, Իլհամ Ալիևը ոչ մի արժեք չի տեսնի նման փոխանակման մեջ և չի էլ պատրաստվում լուրջ պատասխան տալ դրան», - ասաց Զուրաբյանը:
Հանդիպման ընթացքում հրապարակվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ձայնագրությունը: Վերջինս երեկ ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին և սպառնացել հրապարակել ձայնագրություն, որը կվկայի բանակցությունները դիտավորյալ տապալելու Փաշինյանի քայլերի մասին: Ձայնագրության մեջ Փաշինյանը խոսում է իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջին հանդիպման մասին, որտեղ երեք պետությունների ղեկավարները Փաշինյանին ասել են, որ նա այս պահին ունի ամենաբարձր լեգիտիմությունը, և եկել է պահը` Ղարաբաղի հարցը լուծելու: Հենց այդ հանդիպման մանրամասներն է այդ ձայնագրության մեջ նկարագրում, խոսում այն մասին, որ եթե ինքը գնա նրանց առաջարկած «Լավրովյան պլանի» ճանապարհով, ապա ազգն իրեն դավաճան կհամարի, և իր զրուցակիցների հետ տեսակետ է հայտնում, որ պետք է ամեն կերպ խուսափել այդ ճանապարհից, ընդհուպ ոչ ադեկվատ թվալով:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, խոսելով այս ձայնագրության մասին, նշեց` չի ցանկանում մտնել էլեմենտների մեջ, քանի որ երկու կողմի նպատակն էլ հենց դա է` շեղել էական թեմաներից, իսկ այսօր հիմնական և կարևոր թեման այն է, որ «մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ», քանի որ երկու կողմերն էլ` թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը թույլատրելի բոլոր սահմանները հատել են. «Ես իսկապես խորը մտահոգություն ունեմ, որ այս ընտրությունները դառնալու են կռվաբեմ, կոկորդ կրծելու միջոց: Այդ կողմերն օգտագործում են գործիքներ, որոնք երբևէ մեր քաղաքական դաշտում չեն եղել: Ընտրապայքարն իջել է հայհոյանքի, զրպարտության, վիրավորանքի, հաթաթաների և վրեժ լուծելու մրցակցության: Երկու քաղաքական ուժերն ուղղակի իրարից վրեժ են ուզում լուծել, և իրենց համար ամենևին կարևոր չէ ո՛չ խորհրդարանը, ո՛չ երկրի անվտանգությունը, ո՛չ երկրի կանխատեսելիությունը, և դա կարող է բերել շատ լուրջ զարգացումների, եթե ոչ բախումների»:
Մանուկյանը խոսեց նաև այն մասին, որ ձայնագրության` երրորդ նախագահի փոխանցած բովանդակությունը, ըստ էության, ավելի վաղ էլ պարզ էր, և ինքը` Նիկոլ Փաշինյանն անուղղակի խոստովանել է, որ հենց դավաճան չլինելու վախով պայմանավորված էլ գնացել է այդ քայլին, չի գնացել բանակցային ճանապարհով, և տեղի է ունեցել արցախյան երկրորդ պատերազմը. «Բազմիցս ասել է դրա մասին, որ պատրաստ էր և կարող էր պատերազմը կանգնացնել, բայց ժողովուրդն իրեն դավաճան կհամարեր: Սա է իր մոտիվացիան, իր շարժառիթը, բայց կրկնում եմ` ցանկացած վիճակից դուրս գալու համար հարկավոր է հանդարտվել, շունչ քաշել: Եթե մենք չհանդարտվենք, ո՞վ է այն հերոսը, որ գալու է, Ղարաբաղի հարցը լուծի, գերիներին վերադարձնի: Ես չեմ գերագնահատում իրավիճակի լարված լինելը: Հրդեհը մարել է պետք»: