Մատչելիության հղումներ

Գերիների հարազատներն ու իրավապաշտպանները հորդորում են ընտրարշավում քարոզչական թեմա չդարձնել գերիների հարցը


Ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների հարազատներից շատերը «Ազատության» հետ զրույցներում չձայնագրվելու պայմանով քաղաքական ուժերին հորդորում են չշահարկել իրենց զավակների թեման, փոխարենը աշխատել նրանց րոպե առաջ տուն բերելու համար։

Երկուշաբթիից մեկնարկած ընտրարշավին տարբեր ուժերի ելույթների առանցքային թեման հայ ռազմագերիներն են, որոնց հետ վերադարձնելու համար անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց իր որդուն գերի ուղարկել Բաքու։

Իսկ դրանից առաջ ևս մեկ սկանդալային հայտարարություն էր արել, թե գերիները կներեն իշխանություններին մեկ-երկու ամիս ուշ վերադարձը, բայց Հայաստանի շահերին անհամաչափ զիջումները չեն ների։

Եվրադատարանում գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը քննադատում է վարչապետի պաշտոնակատարին՝ շեշտելով, որ այս ընթացքում մի քանի տասնյակ հայ ռազմագերի է սպանվել գերության մեջ․ - «Հավելյալ ժամերը, չեմ խոսում օրերի մասին, դրանք կյանքեր արժեն։ Եվ ի գիտություն վարչապետի տեղեկացնեմ, որ ոչ թե մեկ, երկու, տասնյակ, այլ մի քանի տասնյակ, ուղղակի ստույգ թիվը չեմ ուզում որոշակի շահերից ելնելով հրապարակայնացնել, ռազմագերիներ արդեն իսկ սպանվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից․․․ Մենք կարճ ժամանակ անց կարողանալու ենք ստույգ թվեր ներկայացնել։ Եվ կարծում եմ, թե՛ այդ տղաները և թե՛ նրանց ընտանիքները չեն ներելու Հայաստանի այն իշխանություններին, որոնց անգործությունը հանգեցրել է մարդկային ճակատագրերի կործանման»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, իր հերթին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և մյուսներին հորդորում է այս զգայուն թեման չդարձնել նախընտական քննարկման առարկա։

Հատկապես Փաշինյանին հորդորում է վերահսկել իր խոսքը և օրինակ ծառայել մյուսներին, ոչ թե տրվել զգացմունքներին․ - «Էմոցիաներին տուրք տալ, առավել ևս պետք չէ իր տղային փոխանակել գերիների հետ։ Կարիք չկա, որ իր որդու մասին խոսի այդ կոնտեքստում։ Ամենայն հարգանքով նրա զավակների նկատմամբ եմ ես դա ասում»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս քաղաքական ուժերից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը և ընդգծում՝ պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի համար:

Օրեր առաջ քարոզարշավի ընթացքում ընտրարշավին մասնակցող իր քաղաքական ուժի ցուցակում չներառված Հայաստանի երրորդ նախագահն էր թեման բացել։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորել էր գերիների հետ բերելու դիմաց որդուն ուղարկել Բաքու։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ոչ թե մերժել էր, այլ այսօր արդեն ընթացք է տվել այդ առաջարկին։

«Նախկինները, երբ որ, ասենք, Սերժ Սարգսյանը․․․ Մենք էնքան ենք տեսել էդ անմարդկային վերաբերմունքը առհասարակ․․․ գերի է թե բանտարկյալ է, դատապարտյալ է, քաղաքացի է։ Էդ բացահայտ և բացարձակ անտարբերությունը։ Եվ հիմա, որ նրանք խոսում են, կամ նոր լսում էի, որ Դավիթ Հարությունյանը ասում էր, որ իշխանությունները ոչինչ չեն անում գերիների համար, դա սուտ է բացահայտ։ Էդ հարցերը բարձրացվում են, կարգավորել են էդ հարցերը գոնե․ և միջազգային հանրության մեծ ճնշում կա․․․ Հիմա նախկին իշխանությունները մեկ այլ դերի մեջ են մտել, հիմա ներկա իշխանություններին իրանք մեղադրում են անմարդկային հարցերի և այլնի մեջ», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Ու մինչ ընտրարշավին մասնակցող ուժերը ամենօրյա ռեժիմով խոսում են գերիներից, Ադրբեջանը մեկը մյուսի հետևից դատարան է ուղարկում մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող գերիների գործերը։

44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո Շուշիի տարածքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանական դատախազությունն առաջարկել է դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ վարձկանության և ահաբեկչության համար։

Հունիսի 16-ին էլ սկսվում է եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տարածքից գերեվարված Խծաբերդի 14 պահեստազորայինների դատավարությունը։ Անցած շաբաթ էլ սկսվեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու համար մեղադրվող Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։

Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, որ Բաքվի հարուցած այս քրեական գործերը քարոզչական նշանակություն ունեն․ - «Իսկապես որևէ ստուգված, վստահելի փաստ, որ այս անձինք առնչություն են ունեցել, գոյություն չունի։ Ուղղակի կեղծարարության գործարանն է աշխատում ադրբեջանական իշխանությունների»։

Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին և ձերբակալված մյուս անձանց, մինչդեռ Բաքուն հայտարարում է, թե իր տարածքում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը հանցագործներ են։

Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանում պահվում է ավելի քան 200 գերի։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG