Մատչելիության հղումներ

Գերիներով զբաղվող իրավապաշտպանները տարածած տեսանյութերում երևացող զինվորականներին ճանաչողներին խնդրում եմ դիմել իրենց


Եվրադատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները տարածել են ադրբեջանական համացանցում հայտնված տեսանյութեր, որտեղ երևացող ռազմագերիներից 9-ին չեն կարողացել նույնականացնել։

Արտակ Զեյնալյանի ու Սիրանուշ Սահակյանի՝ գիշերը տարածած հայտարարությանն արձագանքել են տասնյակ մարդիկ, իրավապաշտպաններն այժմ զբաղված են տվյալների հավաքագրմամբ և ուսումնասիրությամբ։

Զեյնալյանի խոսքով, իրենց տարածած տեսանյութերը դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում են հրապարակվել, բայց իրենք մինչև օրս չեն կարողանում նույնականացնել այնտեղ երևացող շատ ռազմագերիների։

Ասաց, որ այս հայտարարությամբ նպատակ ունեն բացահայտել այս տեսանյութերում երևացող տղաները գերեվարվա՞ծ են, մահացա՞ծ, թե՞ անհետ կորած․ - «Բոլորովին պարտադիր չի, որ այս տեսանյութում երևացող տղաները անհետ կորածի կարգավիճակ ունենան այս պահին։ Հնարավոր է, որ նաև նրանցից ոմանք ազատության մեջ են, վերադարձել են, չեն գերեվարվել, կամ նույնիսկ արդեն հայտնաբերվել է նրանց մարմինը և հուղարկավորվել են։ Կարող է նաև էդպիսի դեպքեր լինեն, որովհետև տեսանյութերով հաստատված գերեվարման փաստեր կան, նաև առկա են ապացույցներ, որ նրանք սպանել են և արդեն հանձնվել են հողին»։

Զեյնալյանն ասում է, որ շատ տեսանյութեր ունեն, բայց հրապարակել են դրանց այն հատվածը, որոնցում հնարավոր է տարբերակել և նույնականացնել գերիներին։

Իրավապաշտպանի խոսքով, արդեն նույնականացրել են մի քանիսին, բայց դեռևս չեն կարող հրապարակել, թե ովքեր են և ինչ ճակատագրի են արժանացել․ - «Մենք հրապարակել ենք այն տեսանյութերը, որոնց մեջ հնարավոր է տարբերակել, ճանաչել մարդկանց։ Մենք ունենք շատ տեսանյութեր, մի քանի տասնյակի հասնող անձինք կան, որոնց նույնականացնելը առերևույթ անհավանական է թվում։ Տեսանյութերից մեկի մեջ տասից ավելի երիտասարդներ կան, որոնցից մեկին նույնականացրել ենք և երկուսին հնարավոր է նույնականացնել։ Մյուսներին տեսանյութով նույնականացնելը գրեթե անհնար է»։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ադրբեջանցի զինվորականներն ինչպես են նսեմացնում հայ զինվորականներին, ստիպում պարել, ադրբեջաներեն խոսել, կադրերից մեկում էլ հստակ երևում է, թե նրանցից մեկն ինչ դժվարությամբ է տեղից շարժվում, կանգնում, փորձում մեջքն ուղղել ու պարել. հատկապես այս կադրից կարելի է եզրակացնել, որ հայ ռազմագերին ենթարկվել է ֆիզիկական բռնության։

Զեյնալյանի խոսքով, չկա այնպիսի տեսանյութ, որում չեն խախտվում ռազմագերիների իրավունքները․ - «Եթե այնտեղ կա գեթ մեկ դրույթի խախտում, հետևաբար ամբողջը խախտում է։ Իսկ այդտեղ չկա այնպիսի տեսանյութ, որտեղ չլինի խախտում»։

Տվյալները հավաքագրելուց հետո իրավապաշտպանները դրանք կուղարկեն Եվրադատարան։

Պատերազմի ավարտից ավելի քան կես տարի անց Ադրբեջանը, չնայած ստանձնած պարտավորություններին, վերադարձրել է միայն 72 գերիների։ Բաքվում արդեն սկսվել է 17 ռազմագերիների դատավարությունը։

Հայկական կողմի տարբեր տվյալներով, այդ երկրում դեռ գերության մեջ են գտնվում շուրջ 200 -ը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր Բաքվին մեղադրեց բացահայտ կերպով Եվրադատարանի որոշումները արհամարհելու և Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն չտրամադրելու համար։

«Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս», - ասված է հայտարարությունում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG