Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանի կարծիքով` գերիների, ապաշրջափակման, սահմանազատման հարցերը պետք է տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ Գյումրիում արդեն ակտիվ նախընտրական իրավիճակ է: Այսօր Գյումրի էր այցելել «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։

«Աշխատանք և անվտանգություն» կարգախոսով ընտրություններին մասնակցող ուժի ղեկավարն իր համակիրների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց պատկերացումները Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Ըստ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի՝ գերիների վերադարձի, ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հարցերի լուծումը պետք է դուրս բերվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակից և տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, առավել ևս երբ ըստ Սարգսյանի՝ մի շարք երկրներ օգնության ձեռք են մեկնել. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ մտնելուց հարցի վետո դնելու կողմ չկա: Վետո կարող է դնել միայն Ռուսաստանը, որն առ այսօր այդ թեմայով ոչինչ չի ասում, ինքը չի ասում, որ ադրբեջանցիները մտել են հայկական տարածք, ինքը չի ասում` դուրս եկեք, հետո քննարկենք դեմարկացիան, դելիմիտացիան, բայց ես կարծում եմ` եթե հարցն այս կերպով դրվի, նաև համոզված եմ, ոչ միայն կարծում եմ, Ռուսաստանը վետո չի կիրառի, որովհետև ՌԴ քաղաքական իշխանությունը իրերի իրական դրությունը կշռել գիտի և համապատասխան իրավիճակում սթափանում է: Ես համարում եմ, որ մենք պիտի Ռուսաստանին ցույց տանք, որ մենք իր գրպանում չենք, և այդ ժամանակ Ռուսաստանը կսկսի առևտուրն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»:

Ղարաբաղի հարցի լուծման առումով Արամ Սարգսյանը լավատեսական լուծման ակնկալիք ունի: Կարևորը անկախության պահպանումն է, ասում է Սարգսյանը` հավելելով՝ տարածքները կարելի է և՛ կորցնել, և՛ հետ բերել: Ղարաբաղի հարցի լուծման բանալին, ըստ Սարգսյանի, Մինսկի խմբում է պետք փնտրել. «Լավատեսական ունեմ այսօրվա պարագայում ինչ առումով, որ Մինսկի խմբի եռանախագահողներից Միացյալ Նահանգները հստակ հայտարարում է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ, Ֆրանսիան հստակ հայտարարում է, որ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ որևէ լուծում իրենց համար ընդունելի չէ, և կարգավիճակի հարցը պիտի քննարկվի Մինսկի խմբում, Ռուսաստանն ասում է` այո, կարգավիճակի խնդիրը լուծված չէ, բայց դրա լուծելու ժամանակը չի: Այսինքն` երեք եռանախագահողներն էլ ընդունում են, որ կարգավիճակի խնդիր կա, ու Ալիևն ընդունում է, թե չի ընդունում, Թուրքիան ընդունում է, թե չի ընդունում, սա ուրիշ խնդիր է: Այստեղ Ռուսաստանի պահվածքն է մեղմ, բայց Ռուսաստանը միանշանակ Մինսկի խումբը բաց չի թողնելու, որովհետև դա միակ հարթակն է, որտեղ ինքը դիվանագիտական գործունեություն է ծավալում Եվրոպայի հետ` հանձինս Ֆրանսիայի, և Արևմուտքի հետ` հանձինս Միացյալ Նահանգների: Երկրորդ` գաղտնիք չէ, որ Ռուսաստանն այսօր նաև խնդիրներ ունի տարբեր տեղերում թե Թուրքիայի հետ, նաև Ադրբեջանին ու Իլհամ Ալիևին սանձելու խնդիրներ կան, և այս հարթակը լավագույն միջոցն է` բարեկամ լինելով մեղքը ուրիշների վրա բարդելը, ինչը Ռոսաստանը շատ ճկուն անում է, իրենք այդտեղ վարպետացել են շատ»:

Ավտանգությունն ապահովող բանակը հետպատերազմյան շրջանում վերազինման կարիք ունի: Պետք է արագ ժամանակակից սպառազինություն ձեռք բերվի: Արամ Սարգսյանն առաջարկում է 100 մլն դոլար հավաքել թեկուզ հանգանակությամբ և հարվածային անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել ու առաջնահերթ Սյունիքում տեղակայել. «Այդ դեպքում նախ մեր Սյունիքում կանգնած զինվորականների ոգին կբարձրանար, երկրորդ` ես համոզված եմ, որ որևէ Սև լճի կողմ Ադրբեջանի զինվորները չէին իջնի, ոչ թե նրա համար, որ իրենք 2000 անօդաչու թռչող սարք ունեն, ու իրենց քանակը մեզանից ավելի է, ու պատերազմի դեպքում չէին հաղթի, այլ ակնհայտ է, որ 100 անօդաչու սարքը 3000 զինվորի կյանք է, ու իրենք կմտածեին` այդ երեք կիլոմետրը առաջ գալը 3000 զինվորի կյանք արժե՞, թե՞ չէ: Այսինքն` մենք գտնում ենք, որ համար մեկ խնդիրը արագ սպառազինությունների մրցավածքում ժամանակակից սպառազինություն ձեռք բերելն է»:

Սարգսյանի պնդմամբ` պետք է ձեռք բերել նաև ամերիկյան ռադիոլոկացիոն համակարգ, որը թույլ կտա Հայաստանի օդը պաշտպանել և՛ թուրքական, և՛ իսրայելական անօդաչուներից. «Միացյալ Նահանգներն էր առաջարկել անօդաչու սարքերի դեմ ռադիոլոկացիոն կայաններ վաճառելու խնդիրը: Ես առ այսօր էլ պնդում եմ, որ դրանք գնել է պետք, որովհետև դրանք 100 տոկոս փակում են Բայրաքթարների ճանապարհը և 80 տոկոս փակում են իսրայելյան Հերմեսների ճանապարհը, և մենք կարող ենք դա գնել»:

Հայաստանի ապագան «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը տեսնում է գիտության զարգացման մեջ:

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում իրենց կուսակցության հնարավորությունները: Սարգսյանն ասաց` հիմա ընտրողն այլ չափանիշներով է առաջնորդվելու ընտրության հարցում. «Եթե նախկին ընտրություններում մասնակցում էինք ինչ-որ մեկին մերժելու, հիմա մարդուն դա չի հետաքրքրում, հիմա հետաքրքրում է` մեր երկիրն ապագա ունի, թե չէ, ինքը ապրի այս երկրում, թե չէ, կա հնարավորություն ոտքի կանգնելու, թե չէ, կա հնարավորություն պաշտպանված լինելու, թե չէ: Այսինքն` մարդն այս չափանիշներով է առաջնորդվելու, ու ես մարդկանց ասում եմ, որ առաջին` պարտադիր գնացեք ընտրության, ընտրության գնացեք և ընտրեք նրան, ում ասածները ձեզ համար արժանահավատ են»:

XS
SM
MD
LG