Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հիմք ունի. մասնագետները պահանջում են դիմել


Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հիմք է, ՄԱԿ-ի կանոնադրությունն է վկայակոչում միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը։

Մինչ Ռուսաստանի առաջնորդած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դեռևս խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուց հետո Հայաստանի ուղարկած դիմումի շուրջ, հայաստանյան քաղհասարակությունը դիմում է Կառավարությանը՝ պահանջելով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Սահմանային բարդ իրավիճակը հանգուցալուծելու համար բացի դաշնակից ՀԱՊԿ-ից, իշխանությունները չէին բացառել նաև ՄԱԿ-ին դիմելու տարբերակը, սակայն կոնկրետ քայլերի մասին տեղեկություն չկա։

«Այս դեպքում մենք ունենք Ադրբեջանի կողմից հստակ գործողություններ, դրանք զուգորդված են հայտարարություններով, որոնք հիմք ընդունելով` Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությունում նշված, իմ կողմից նշված դրույթով սահմանված հնարավորությունից և դիմել Անվտանգության խորհրդին, իսկ անհրաժեշտության հետ կապված գնահատականն արդեն պիտի տա կառավարությունը, իրենք ուզում են ինչ-որ միջոցներ սպառելուց հետո դիմել», - ասում է Չոբանյանը:

Այդ միջոցներն այս դեպքում ՀԱՊԿ-ում հարցի քննությունն է։ Բայց Չոբանյանը վկայակոչում է միջազգային իրավունքը, որը թույլ է տալիս խնդրի դեպքում զուգահեռաբար դիմել նաև այլ կազմակերպությունների։ Միջազգային իրավունքի մասնագետը հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածին, ըստ որի՝ կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին տեղեկացնել իրավիճակի մասին, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի։ Եվ այս կառույցը, քննելով հարցը, կարող է որոշել, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։

Համաձայն ընթացակարգի` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից որևէ մեկը եթե վետո դնի հարցի քննարկմանը, որոշում չի կարող կայացվել։ Բայց սա հիմք չէ չդիմելու հեղինակավոր այս կառույցին, կարծում է միջազգային իրավունքի մասնագետը. «Մեկը մյուսին չեն փոխբացառում, և միջազգային իրավունքը չի բացառում, որ հնարավոր է այս միջոցներից զուգահեռաբար օգտվել, և քանի որ կան արդեն հստակ հայտարարություններ ու գործողություններ հարևան պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածը խախտող հստակ գործողություններ, դա մեզ իրավունք է տալիս արդեն դիմել Անվտանգության խորհրդին: Այստեղ մենք մի բան պետք է հաշվի առնենք, որ պետք չէ ձեռնպահ մնալ և չդիմել Անվտանգության խորհրդին` միայն այն նկատառումներից ելնելով, որ հնարավոր է վետո դրվի պետություններից մեկի կողմից, կամ որևէ հետագա ընթացք, քայլ չձեռնարկվի»:

Քաղաքացիական հասարակության մոտ 2 տասնյակ կազմակերպություններ ու անհատներ Հայաստանի կառավարությանն ուղղված բաց նամակում ընդգծում են՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ռիսկի տակ է, իսկ անվտանգության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, այլ ոչ Ադրբեջանը, կամ ՀԱՊԿ-ը, կամ Ռուսաստանը: Ստորագրահավաքին միացած իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Նինա Կարապետյանցը պնդում են` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Հայաստանի ներկայիս իրավիճակին, հատկապես, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն այս հարցում աշխատանք չեն անում։

«Պետք է գնահատական տրվի Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիայի վարձու վարձկանների ներգրավման, ուժի կիրառման միջոցով խնդրի լուծման այդ գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական, որի հիման վրա դու կարողանաս վերագտնես կամ վերականգնես քո միջազգային սուբյեկտայնությունը, որը նվազել է այս պատերազմի արդյունքում և եռակողմ համաձայնագրի հետևանքով: Սա է ամբողջ խնդիրը. քո միջազգային սուբյեկտայնությունը ուրիշ որտե՞ղ, եթե ոչ միջազգային հարթակներում կարող ես վերականգնել նման նախաձեռնությամբ», - ասում է Սաքունցը:

Նինա Կարապետյանցը հավելում է. «Պետք է փորձել օգտագործել բոլոր գործիքակազմերը, որը մեզ հնարավորություն է տալիս, և հիշեցնեմ, որ պարբերաբար տարբեր երկրներից հնչում են սատարման, աջակցության, համագործակցության տարբեր ֆորմատների առաջարկներ, որոնք, տեսնում եք, թե ինչ հերոսությամբ մերժում է գործող իշխանությունը և հստակ ընտրել է մի ուղղություն` Ռուսաստանի Դաշնություն կամ ՀԱՊԿ: Չի աշխատում գործիքը, ուրեմն պետք է ճանապարհը փոխել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG