Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ակտիվանում է Հայաստան-Ադրբեջան սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում 


Միացյալ Նահանգները աստիճանաբար ակտիվացնում է իր ներգրավվածությունը Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման գործում։  

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև նախորդ օրը երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ջո Բայդենի առանցքային խորհրդականներից մեկը, ըստ Հայաստանի վարչապետի լրատվական ծառայության հաղորդագրության, «անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները, և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը Հայաստանի տարածքից»:

Սալիվանը նաև «մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը»։

ԱՄՆ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ջեյք Սալիվանը Հայաստանի կառավարության ղեկավարից զատ, հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև վերջին օրերի լարվածության առնչությամբ և ընդգծել, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ»։

Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն, Սալիվանը ընդգծել է իրենց միջազգային սահմանը սահմանագծելու հարցով երկու երկրների ֆորմալ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը և փոխանցել է տարածաշրջանում երկկողմ ներգրավվածությամբ հաշտեցման հասնելուն Միացյալ Նահանգների նվիրվածությունը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Փաշինյանի ու Ալիևի հետ Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցը, հիշեցնենք, հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջալինա Փորթերի մայիսի 14-ի աննախադեպ հայտարարությանը, թե «Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի իր զորքը»:

Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից

Այսօր լրացավ ճիշտ մեկ շաբաթը, ինչ ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, սակայն Երևանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու նրա առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, շարունակում են խուսափել դաշնագրերով նախատեսված գործողություններից։

Հինգ օր առաջ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ առաջին. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ», - Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Փաշինյանը։

Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին Փաշինյանը պաշտոնական նամակներով դիմեց դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու համար, սակայն դաշինքի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը երեկ «Ազատությանը» փոխանցեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ են սկսվելու խորհրդատվությունները, իսկ այսօր անարձագանք թողեց հեռախոսազանգերը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով, օրեր շարունակ տևող Կրեմլի անգործությունը այլ բան, քան Ադրբեջանին աջակցող քայլ չես անվանի․ - «Ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահների առկայության պարագայում հակառակորդը համարձակություն է ունեցել երեք ստորաբաժանում տեղակայելու Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ես սա գնահատում եմ որպես թողտվության արդյունք։ Եթե չասենք թողտվության, ապա՝ որոշակի հարցերում Ռուսաստանի և Ադրբեջանի մոտեցումների համադրման արդյունք»։

Ըստ Քոչինյանի, ակնհայտ է, որ գործ ունենք «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի դեմ իրականացվող ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ճնշման հետ․ - «Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում Բայրամով – Լավրով ասուլիսի ժամանակ Բայրամովն ասեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա արդեն մոտեցումների համադրություն, թե ընդհուպ մինչև որտեղով պետք է անցնի այդ միջանցքը, և Լավրովը սա, ըստ էության, չհերքեց։ Էս ամեն ինչի մեջ երբ տեղավորում ենք ՀԱՊԿ-ի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, իրերը բավականին պարզ են դառնում»։

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկորդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է համատեղ անհապաղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանը աջակցություն ցուցաբերելու համար։

Արեգ Քոչինյանի կարծիքով, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փաստացի անգործությունը բավարար հիմք է Հայաստանի համար՝ ռազմական օգնության խնդրանքով դիմելու արևմտյան տերություններին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ռազմական աջակցություն է խոստացել Հայաստանին․ - «Դա մեր ձեռքերը արդեն բավականին ազատում է, որպեսզի, այո՛, նաև հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևաչափով մենք կարողանանք դիմել այլ աջակցություն ստանալու համար։ Եվ էստեղ, ըստ իս, շատ կարևոր է նշել, որ իրավիճակը կայունացնող և այս իրավիճակում Ադրբեջանին զսպող ազդեցություն ունեցավ մասնավորապես Ֆրանսիայի նախագահի ելույթը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցը, որտեղ բավականին հասցեական գնահատականներ տրվեցին Ադրբեջանի գործունեությանը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG