«Այս ընտրությունները ավելի շատ կմեծացնեն լարվածությունը, քան կլիցքաթափեն լարվածությունը, որովհետև ակնհայտ է, որ նախ շատ կոշտ հռետորաբանություն է, և երկու հիմնական մրցակիցներն էլ, կարծում եմ, պատրաստ են ամեն ինչի գնալ։ Մեկը՝ հանուն իշխանության, մյուսը՝ հանուն իշխանությունը պահպանելու։ Ընդհուպ մինչև քաղաքացիական բախումների, քաղաքացիական պատերազմի երկու կողմերն էլ պատրաստ են։ Աստված չանի, որ հասնենք դրան, բայց եթե բանը դրան հասավ, էդ դեպքում մենք կկարոցնենք շատ ավելին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չպիտի մասնակցեին ընտրություններին ընդհանրապես։ Նրանց մասնակցությունը արդեն իսկ ապակայունացնում է», - ասաց Բաղդասարյանը։
Հարցին, որ եթե ապակայանացնում են երկուսն էլ, ինչո՞ւ պետք է Փաշինյանը չմասնակցի, քաղաքական մեկնաբանը պատասխանեց․ - «Որովհետև եթե գործող իշխանությունը չմասնակցեր, ինչպես ցանկացած պարտված իշխանություն, պիտի սուսուփուս հեռանար, այդ դեպքում իսկապես կլինեին մրցակցային, քաղաքակիրթ ընտրություններ։ Գուցե։ Ես այդպիսի հույս ունեմ։ Համենայն դեպս, չէին լինի երկու բևեռներ հավասարապես զինված, հավասար լծակներով, հավասար ֆինանսական հնարավորություններով»։
Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանը գնում է անկախության նվաճումից ի վեր թերևս աննախադեպ անվտանգային խնդիրների, ներքին անկայունության պայմաններում։ Քաղաքական հիմնական մրցակիցները միմյանց մեղադրում են պետական շահերը դավաճանելու և Արցախը հանձնելու մեջ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, ներքին սուր հակասություններին գումարվում է դրսից տարվող հետևողական քաղաքականությունը՝ պառակտել Հայաստանը և երկրին թելադրել նոր զիջումներ․ - «Կարծում եմ, Հայաստանում քաղաքական դաշտը հիմնավորապես քայքայված և դեգրադացված է վաղուց, նպատակային գործողությունների հետևանքով նաև։ Եվ դրա համար բացարձակապես նոր չէ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ էդ իմաստով։ Պարզապես ինչքան արտաքին մարտահրավերները ուժգնանում են, այնքան մեր ներքին անկենսունակությունը և անպետքությունը՝ քաղաքական դաշտի իմաստով, սկսում է առավել ցայտուն դրսևորվել։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք շարունակում ենք գտնվել, ցավոք սրտի, այդ դաշտի ազդեցության ներքո։ Այդ առումով հունիսի 20-ի համար շատ ավելի կարևոր, իմ գնահատմամբ, կլինի այն, թե ինչ կքննարկեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հունիսի 16-ին։ Ես կարծում եմ, դա զգալի ազդեցություն կունենա ոչ միայն Կովկասի, այլ նաև Հայատանի ներքաղաքական իրողությունների վրա»։
Վերլուծաբանների ուշադրությունից չվրիպեց Հայաստանի կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունը, երբ հենց Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ առաջարկեց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար համայնք ընկած հատվածի երկայնքով տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներկայացնող դիտորդներ։
Հարց է առաջանում՝ հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի ժամանակ Ռուսաստանի փաստացի անգործության պայմաններում պաշտոնական Երևանի նման առաջարկը արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանը ձգտում է առնվազն դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը, որովհետև Ռուսաստանի գլխավորած համակարգը պարզապես չի աշխատում։
«Այն, որ այդ համակարգը չի աշխատում, իսկապես խնդիր է, - ասում է Արմեն Բաղդասարյանը՝ շարունակելով․ - Բայց Հայաստանը չի կարող դիվերսիֆիկացնել իր անվտանգությունը։ Ասենք, չի կարող համագործակցել նաև, օրինակ, ՆԱՏՕ-ի հետ, կամ որևէ այլ անվտանգային համակարգի հետ։ Սա բացառված է։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը պահի տակ ինչ-որ էմոցիոնալ որոշումներ է ընդունում անհասկանալի, օրինակ՝ դիմում է ՀԱՊԿ-ին։ Բայց Ռուսաստանից կարծիքներ են հնչում՝ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, դուք նրանց նախօրոք տեղեկացրե՞լ էիք թե չէիք տեղեկացրել․․․ Այսինքն՝ խնդիրը ի՞նչն է։ Հայաստանը ունի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային խնդիրներ, անվտանգային խնդիրներ, ռազմագերիների խնդիր, տասնյակ այլ խնդիրներ, որոնք ունեն լուծման տարբեր ձևեր։ Բայց բոլոր այդ լուծման ձևերը ունեն մի ընդհանուր բան՝ դա պիտի անի պետությունը։ Հայաստանը էսօր պետություն չի»։
Դիտարկմանը, թե նման պայմաններում, երբ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը չի կարող անվտանգության ոլորտում հարաբերություններ զարգացնել, ասենք, արևմտյան երկրների հետ, հարց է առաջանում՝ տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, Ռուսաստանի հետ դաշնագրերը չեն աշխատում, ի՞նչ պետք է մենք անենք, շարունակենք այսպես ապրե՞լ, Հակոբ Բադալյանն արձագանքեց․ - «Իհարկե չպետք է շարունակենք այսպես ապրել։ Ամբողջ խնդիրն այն է, որ չշարունակելու և իրավիճակը փոխելու համար պահանջվելու է ահռելի ժամանակ։ Որովհետև դա անելու համար մենք պետք է լինենք շատ ավելի կենսունակ և արդյունավետ կառավարվող պետություն և ինքնիշխան պետություն։ Եվ քանի որ մենք ունենք հիմա օբյետիվ և սուբյեկտիվ խնդիրներով պայմանավորված լիովին հակառակ իրավիճակ, հասկանալի է, որ տեսանելի ապագայում դիվերսիֆիկացիայի մասին խոսելը անիմաստ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․