Մատչելիության հղումներ

Հանցավոր անգործություն. գնահատականներ սահմանային իրադարձությունների վերաբերյալ


Հանցավոր անգործություն։ Սահմանում տեղի ունեցող իրադարձություններին այս գնահատականն են տալիս մի շարք քաղաքական վերլուծաբաններ ու իրավապաշտպաններ։

15 օր է արդեն` ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքում է, նրանց թիվն օր օրի ավելանում է, այսօր արդեն հայկական կողմն ունի 6 գերի, և այս պայմաններում Հայաստանի իշխանությունները միայն դատապարտող ելույթներով են հանդես գալիս, մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ գլխավոր դատախազությունն արդեն պետք է քրեական գործ հարուցած լիներ ոչ միայն սահմանային խախտման, այլ նաև այդ խախտումը չկանխած կառուցների նկատմամբ. «Քո տարածքը ներխուժում է այլ պետության զինված ստորաբաժանում, դու պետք է անհրաժեշտ միջոցներ կիրառես` վնասազերծում, գերեվարում, այսինքն` անհրաժեշտ բոլոր միջոցները, բայց հիմա եթե դա չի կատարվում, դա նշանակում է հանցավոր անգործություն»:

Զուգահեռներ է տանում՝ ինչ տեղի ունեցավ 2020թ. հուլիսին Տավուշում, երբ, ըստ հայկական կողմի, ընդամենը ադրբեջանական մի մեքենա էր փորձել մոտենալ սահմանին. «Պետությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև: Նախ առաջին հերթին մինչև ակնկալելը դու պետք է կատարես գործողություններ, որի հիման վրա նոր, երբ որ տեսնում ես` ինչ-ինչ հարցեր չեն լուծվում, ներգրավես այլ մեխանիզմներ, բայց եթե դու ոչինչ չես անում, ապա իհարկե, ակնկալիք չկա»:

Այդուհանդերձ, իրավիճակը փոխելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումներն են։ Սաքունցի հետ համամիտ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Գնահատելով Արտգործնախարարության արձագանքը ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը ընդգծում է՝ նախարարությունը ինքնագլուխ գործել չի կարող, արտաքին քաղաքականության պատասխանատուն վարչապետն է։ Իսկ եթե Փաշինյանը հիմա էլ չդիմի Արևմուտքին, ապա Գրիգորյանի կանխատեսումները շատ հոռետեսական են. «Հետևանքները կլինեն ծանր, ու կլինեն կորուստներ մարդկային անդառնալի, բացի դրանից, կլինեն անդառնալի տարածքային կորուստներ»:

ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԵԽԽՎ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. այս կառույցներն այսօր էական նշանականություն կարող են ունենալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված վիճակը մեղմելու հարցում, ասում է վերլուծաբանը։ Մեր դիտարկմանը, որ Հայաստանը սպասում է ռազմական դաշնակից ՀԱՊԿ-ին, Գրիգորյանը արձագանքում է՝ Ադրբեջանը հայերի նյարդերի մաշեցման ծրագիր է իրականացնում, իսկ Ռուսաստանը այս ամենին չի արձագանքում. «Գուցե շահերի հետ, ինչ-որ Ռուսաստանն էլի շահեր ունի այս տարածաշրջանում համընկնող Ադրբեջանի հետ, միգուցե դա կապված է, որ Ռուսաստանը թուլացել է, չի կարող, չեմ հավատում, այդ վարկածը կա, չեմ հավատում: Բայց միգուցե դրա հետ է կապված, բայց դա կարևոր չէ, կարևորն արդյունքն է, մենք տեսնում ենք, որ մենք կորցնում ենք մեր երիտասարդներին: Բացի դրանից, ադրբեջանցիք դիրքավորվում են ամենակարևոր բարձունքներում, զբաղեցնում են շատ հարմար դիրքեր, որ վաղը նորից հարձակումներ անեն հերթական: Դա կոչվում է հիբրիդային պատերազմ»:

Սա փակուղի է, երկիրը կործանման եզրին է, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հոռետեսական գնահատականն է սահմանին տիրող իրավիճակին, ինչի մեղավորը, նրա պնդմամբ, ոչ ՀԱՊԿ-ն է, ոչ էլ Արևմուտքը, այլ երկրի իշխանությունները, որոնք զրկել են Հայաստանին ինքնապաշտպանվելու իրավունքից. «Որևէ շարժում, որևէ գործ, որևէ քայլ չես անում, որ քեզ պաշտպանես, որևէ մեկը չի գա և քեզ չի պաշտպանի, պատասխանատվությունը ՀՀ գործող իշխանությունների վրա է, որոնք իրենց ամենօրյա քայլերով, վարքով, իրենց յուրաքանչյուր նախադասությամբ մոտեցնում են և ավելի ու ավելի սաստկալի դարձնում մեր գահավիժումը, մեր անկումը»:

Ի տարբերություն մեր մյուս զրուցակիցների, որոնք փրկության հույսը կապում են Արևմուտքի հետ, իրավապաշպման Հարությունյանի կարծիքով՝ այսօր Փաշինյանի կառավարությունը տապալել է նաև այս ոլորտում. «Նա փաստորեն տապալվել է և ներքին, և արտաքին քաղաքակությունում, ըստ էության տապալվում է պետությունը մեր»:

Արդյոք չկա՞ որևէ փրկօղակ, Հարությունանը թվարկում է՝ 15 օր է` ադրբեջանական զորքը սահմանին է, առաջ է գալիս, մարդկանց գերեվարում, զուգահեռ իրականությունում ոչ մի պատասխանատու պաշտոնյա հրաժարական չի տվել, Փաշինյանն էլ խոսում է 100 տոկոս հայանպաստ փաստաթուղթ ստորագրելու հեռանկարի մասին։ Լավատեսություն այստեղ տեղ ունի՞, հռետորական է հնչում իրավապաշտպանի հարցը. «Տասնամյակներ են պահանջնվելու, որպեսզի մենք կարողանքն ոտքի կանգնել»:

XS
SM
MD
LG