Հակառակորդի զորքը երեկվանից անարգել անցել է Հայաստանի պետական սահմանը, մտել Սյունիք, 3 կիլոմետրից ավելի առաջ եկել ու գրավել Սև լճի տարածքը։ Հայաստանի իշխանության քայլը պետք է լիներ մեր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն կատարած թշնամուն գերեվարելն ու բանտարկելը, ասում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։ Եթե քայլ չի անում, հարց է ծագում` կա արդյոք Հայաստանում իշխանություն. «Մենք ունե՞նք իշխանություն, որն ի զորու է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թե՞ չունենք: Չունենք»:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանն էլ չգիտի` ինչպես է հակառակորդն անարգել անցել սահմանը, մի քանի կիլոմետր խորացել, այսօր պետք է պարզեր։ Ադրբեջանցիներին առաջարկում է՝ ինչպես եկել են, այնպես էլ հեռանան։ Չեն հեռանում։ Փաշինյանն իրավիճակը ճգնաժամային է գնահատում, գուժում զարգացումների տարբեր սցենարների մասին։ Իսկ ոչ իշխանական ուժերի հետ իրավիճակը քննարկելու սցենար կարծես դեռ չունի։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ սահմանային դեպքերի մասին մամուլից են տեղեկանում. «Եթե իշխանությունն ի զորու չէ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, պետք է ասի, որ եկեք օգնենք, ինչ-որ մի բան անենք, կամ ի զորու չէ, պետք է հեռանա»:
Խորհրդարանական խմբակցության ղեկավարը շեշտում է` խնդիրը միայն Սյունիքում չէ, եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի հետ սահմանին էլի դիրքեր կան, որ պատերազմից վեց ամիս անց էլ պաշտպանված չեն։ Այդպես էլ պետք է լիներ։ Պարտված իշխանությունը ի զորու չէ պետության անվտանգությունն ապահովել, սահմանները պաշտպանել. «Անցել են ամիսներ, ինձ մոտ տպավորություն է, թե մարդիկ մոռացել են, թե ինչու էինք այդ հրաժարականը պահանջում: Դրա համար էինք պահանջում: Իրենք էլ ասում են` չէ, մի պահանջեք, մենք ի զորու ենք, հիմա ամեն օր օրինակով տեսնում ենք, որ ի զորու չեն: Հիմա եթե թշնամին տեսնում է, որ որտեղ որ զորք չկա, ինքը կարող է գալ 3 կմ, 2 կմ, 4 կմ գալ, առաջ կանգնել, սա համակարգային խնդիր է»:
Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը սահմանային սրացման ռիսկեր են պարունակում, որոնց կանխման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից են արձագանքում. գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները։
Իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքների հետևանքով։
Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում»։
Ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի` Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։
«Վիճակն աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունը: 500 հազար ախրանիկներով ես ման գալիս, դրանց մի մասն ուղարկեիր Սյունիք, կանգնեին, թուրքերը չէին մտնի», - ասում է ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից արձագանք չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ օրեր առաջ հայտարարում էր` իր գլխավորած «Հայաստան» դաշինքի պայքարի սիմվոլն է լինելու Սյունիքը, նույնպես լուռ է. «Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում»։
Հակառակորդը միայն Սյունիքով չի սահմանափակվել։ «Սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ հերթական սադրանքն են իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, ավելի ուշ հայտարարեցին Պաշտպանության նախարարությունից։ Հայաստանի նկատմամբ այս նվաստացումը շարունակվելու է, եթե Հայաստանը չվերանայի արտաքին քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակից լուծումն այսպես է պատկերացնում «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ, ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը. «Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այսօր մենք մեր անվտանգությունը չենք կարողանալու պահպանել առանց Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելու»:
Սյունիքից ընտրված իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որ պնդում էր` Սյունիքում անվտանգ է, իսկ Փաշինյանի դեմ սյունեցիների բողոքի ակցիան` խուլիգանություն, այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին. «Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ես ասել եմ լրտավամիջոցներին, բացեք, նայեք»:
Իշխանական պատգամավորից ընդամենը ճշտում էինք՝ շարունակո՞ւմ է պնդել նույնը, թե՞ կարծիքը փոխել է։