Մատչելիության հղումներ

Ըստ հովվի կնոջ` Սև լճի տարածքում ադրբեջանցիները մոտեցել են ամուսնուն, ասել, որ հեռանա


«Ազատության» նկարահանող խումբը գտնվում է Սյունիքի Վերիշեն համայնքում: Այն մոտ է Սև լճի տարածքին, որտեղ և երեկ առաջխաղացել էին ադրբեջանական զորքերը: Նախնական տեղեկություններով` նրանք դեռևս հետ չեն գնացել: Ոչ պաշտոնական տեղեկություններ կային, որ հայկական կողմը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է տանում, որպեսզի ադրբեջանցիները հետ քաշվեն, սակայն դեռևս տեղեկություններ չկան` արդյոք այդ բանակցություններն ավարտվել են, թե ոչ, և արդյոք դրանք մեկնարկել էին:

Կեսօրից առաջ «Ազատության» հետ զրույցում Վերիշենի համայնքի ղեկավար Արարատ Օրդյանն ասաց, որ գնում է մասնակցելու բանակցություններին, թե ում հետ, ինչ պաշտոնյաներ են լինելու բանակցություններին, մանրամասներ չհաղորդեց, սակայն այժմ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե բանակցությունները չեն մեկնարկել, և դեռևս պաշտոնական տեղեկություն էլ չկա դրա վերաբերյալ:

Տեղեկությունները, որ Սև լճի տարածքում են ադրբեջանցիները, երեկ հայտնի դարձավ:

Այսօր «Ազատությունը» Վերիշեն համայնքում զրուցել է այն հովվի կնոջ հետ, որը երեկ տեսել էր ադրբեջանցիներին, և նրա իմանալուց հետո է հայտնի դարձել, որ ադրբեջանցիները նման առաջխաղացում են ունեցել: Հովվի կինը պատմեց, որ ամուսինն ադրբեջանցիներին պատահաբար է տեսել, այնտեղ իր կենդանիներին արածեցնելու ժամանակ. հենց լճի տարածքում մի խումբ ադրբեջանիցներ են նրան մոտեցել, բարևել ադրբեջաներենով և ասել, թե տարածքը լքի. «Մոտիկացան իրեն, ինքն իմացավ, թե մերոնք են, ուղղակի կատակ են անում, որ թուրքերեն խոսացել են, ինքը արդեն վախեցավ, նոր արդեն զանգեց, լրիվին տարածեց, որ մտել են: Ինչպես միշտ նույն մեր տարածքում տարել ա, առանց պատկերացնելու, որ կարող ա նման բան լինի, հետո պարզվեց, որ ներխուժել են մեր տարածք»:

Այսօր «Ազատության» նկարահանող խումբը փորձեց գնալ Սև լճի տարածք, սակայն այնտեղ Ռազմական ոստիկանությունը հենակետ էր տեղադրել, լրատվամիջոցներին համենայն դեպս չթույլատրվեց բարձրանալ վերև:

Տեղացիները մեզ հետ զրույցում ասում են, որ անհանգստացած են երեկվա իրադարձություններից հետո:

«Պանիկայի մեջ է ժողովուրդը հիմա, Ադրբեջանն էլ իրա լկտիությունն անում է, բոլորս էլ գիտենք: 19 կիլոմետր ա ստեղից էնտեղ», - ասում է տեղացիներից մեկը, մյուսը` հավելում. «Որ Երևանում վախեցած են, մենք սահմանի վրա ենք, ի՞նչ վիճակում կլինենք, ժողովուրդը խուճապի մեջ է վախից, իհարկե: Այնտեղ բարձրանում ենք սարը, թուրքի պոստերն են, չվախենա՞նք, բոլոր դեպքերում վախ կա, բայց մենք համբերում ու սպասում ենք, լավատես ենք, սպասենք, տեսնենք` ինչ կլինի: Հուսով ենք, որ ղեկավարությունն էս հարցը կլուծի, Սև լիճը մերն է, և հուսով ենք, որ մերն էլ կմնա»:

Գյուղն Ադրբեջանի հետ սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, և գյուղացիները նշում են` վերջին փոփոխություններից սահմանամերձ գյուղի կարգավիճակ չի ստացել. «Վերիշենին ինչքան բողոք անեն, ինչքան անեն, որ սահմանամերձ ա, չեն հավատացել, հիմա տեսա՞ք, որ սահմանամերձ ա, թուրքը եկել, մեր սարի գլխին ա նստել, ի՞նչ անեմ ես, էսօր թուրքը մեր տարածքի մեջ` նստած տաքուկ տեղներում` զոնտիկը գլխներին, արևը չի խփում, անձրևը չի գալիս, գոնե մի կարգավիճակ տան, ինչ-որ մի բանից օգտվի էս ժողովուրդը, որ ձենները կտրեն, իրենք իրենց հողը պահեն»:

XS
SM
MD
LG