Մատչելիության հղումներ

Պաշտպանը մեկնել է Սյունիք` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով


Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ:

«Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար», - ասված է օմբուդսմենի տարածած հայտարարությունում:

Ադրբեջանական զինված ուժերի նշված արարքը, ըստ պաշտպանի, ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Ադրբեջանի զինված ուժերը երեկ առավոտյան հատել են Հայաստանի պետական սահմանը և, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ տեղում բանակցություններ են ընթանում, արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում։

XS
SM
MD
LG