Մատչելիության հղումներ

Սա պետական հանցագործություն է Հայաստանի դեմ, որի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է. Թաթուլ Հակոբյան


Սա պետական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և իր ռազմաքաղաքական թիմն են, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց լրագրող, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Ստորև ներկայացնում են հատված հարցազրույցից.

Թաթուլ Հակոբյան. - Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է որևիցե ձևով արգելք հանդիսանալ իրենց ախորժակին և ստեղծված իրավիճակն օգտագործում է և հնարավորինս փորձում է Հայաստան-Ադրբեջան ապագայում դեմարկացիայի ենթարկվող, դելիմիտացիայի ենթարկվող այդ սահմանի երկայնքով ստանալ նոր հողակտորներ, նոր առավելություններ, զավթել տարածքներ: Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է դրան հակադարձել որևիցե ձևով:

Ադրբեջանցիները անզեն 3,5 կմ խորացել են Սև լճի շրջանում, եկել դիրքավորվել են և հետ չեն գնում, և Հայաստանը չի կարողանում որևէ բան անել, Հայաստանը, որն ունի անվտանգության երեք մակարդակ իբր: Առաջինը մեր բանակն է, որը պետք է թույլ չտար, այնտեղ լիներ: Սա պետական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և իր ռազմաքաղաքական թիմն են: Երկրորդ մակարդակը կա, դա հայ-ռուսական համատեղ ռազմավարական համագործակցության ոգին և տառն են 97 թվականին ստորագրված, դրանից հետո նաև, որը նույնպես անտեսվում է, և երրորդ մակարդակը կա, դա բազմակողմ դիվանագիտությունն է: Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այսինքն՝ այս ամեն ինչը մի կողմ է դրվել: Էն որ գայլը ոչխարների հոտն ա մտնում ու երկուսը մի տեղից, երեքը մի տեղից վիրավորում, տանում ա, մոտավորապես Ադրբեջանը այսօր մեր նկատմամբ այդպես է վարվում: Ի՞նչ է նշանակում անհանդուրժելի է, այսինքն 3,5 կմ մտել են Հայաստանի տարածք անհանդուրժելի է:

«Ազատություն». - Ասեք՝ ի՞նչ անել. ռազմական միջամտություն, որը հղի է լայնամասշտաբ պատերազմի վտանգով, ռուսներին դիմել:

Հակոբյան. - Եթե ես ասեմ, որ պետք է պատերազմ սկսել, անմիջապես կասեն, որ դա արկածախնդրություն է, որ դրա հետևանքով ավելի շատ բան կկորցնենք, բայց եթե մենք ատամ չենք կարողանում ցույց տալ Ադրբեջանին, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իրենք Սոթքից չեն իջնի Սոթք գյուղը գրավեն: Կարող է, իհարկե, սա մի քիչ անհեթեթ հնչել, բայց ես տրամաբանությունն եմ ուզում ցույց տալ:

Ադրբեջանին պետք է կոշտ հարված հասցնել, նրանց պետք է ուղղակի դուրս քշել, և դրա համար պետք է գործի դնել մեր բոլոր բարեկամ երկրներին, եթե կան այդպիսի երկրներ: Ես միշտ եղել եմ այն համոզման, որ երբ Ադրբեջանը պատերազմ է սկսում կամ որևէ սադրանք է իրականացնում, նա հաշվի է առնում առնվազն երկու կոմպոնենտ՝ արդյոք ինքը 100 տոկոսով վստա՞հ է, որ կարող է դա մարսել, և երկրորդ՝ արդյոք ռուսները որոշ ժամանակ չե՞ն լռելու: Այս բանը նաև տվյալ դեպքի համար եմ ուզում օգտագործել, հատկապես եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենում Լավրովի այցից անմիջապես հետո: Նաև պետք է հաշվի առնենք, որ ադրբեջանը հաղթել է Թուրքիայի օգնությամբ, ինչ ուզում անում է, և Ռուսաստանն էլ այնքան ուժեղ չէ, որպեսզի կարողանա զսպել թուրք-ադրբեջանական այս ախորժակը:

Պետք է նաև այս ամենին նայել Մոսկվայի աչքերով: Մեր համար, իհարկե, 1 սմ-ն էլ սուրբ հայկական, Հայաստան Հանրապետության տարածք է, բայց եթե նայենք Կրեմլից, կարող եք տեսնել, որ սա մի փոքր խնդիր է, որի հետ կապված կարող են այլ լուծումներ գտնել՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների շահերը: Բայց ես, քավ լիցի, չեմ ուզում որևիցե ձևով մեղքը բարդել ռուսների վրա, հակառակը, ես կարող եմ հանգիստ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Սյունիքում, անվտանգության միակ սահմանը, որ կա, դա ռուսական ներկայությունն է, չլինի ռուսական ներկայություն, ես չգիտեմ ադրբեջանցիները ինչ կուզեն, հավանաբար, կանեն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG