Մատչելիության հղումներ

Սև լճի շուրջ իրավիճակը կարող է մի քանի սցենարով զարգանալ. Փաշինյան 


Սյունիքի Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի Անվտանգության խորհուրդը արդեն երկրորդ նիստն է գումարում վերջին քսանչորս ժամվա ընթացքում։

Կեսօրից հետո ավարտված նիստի մասնակիցները՝ մասնավորապես Պաշտպանության, Արտաքին գործերի, Առողջապահության նախարարների պաշտոնակատարները և Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալը, ըստ էության, հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ քննարկումներ և որոշումներ են կայացվել նիստի ընթացքում։

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա։

Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իրադրությունը բնութագրելով ճգնաժամային, և ասաց, որ ծրագրված սադրանք է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե կառավարության նիստից հետո կայանալիք Անվտանգության խորհրդի նիստում կայացվելու են անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ․ - «երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Ինչո՞ւ է այսպես իրադրությունը: Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»։

Թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանական զինուժը առանց որևէ խոչընդոտի հատի միջդիրքային հատվածը և դիրքավորվի Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այն պարագայում, երբ Փաշինյանի կառավարությունը կես տարի ժամանակ ուներ երկրի համար հատկապես ռազմավարական նշանակության հատվածում նոր դիրքեր, հենակետեր հիմնելու համար, այսօր պարզվեց հետաքրքրում է նաև վարչապետի պաշտոնակատարին։

Փաշինյանը ընդգծեց, թե դա «առանձին քննարկման խնդիր է, որը իհարկե անպայման կդիտարկվի»․ - «Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ: Հիմա տեղում ընթանում է աշխատանք»։

XS
SM
MD
LG