Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական պայքարը մեկնարկեց Ազատության հրապարակից։ Դաշինքում Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն են։ Վերջին անգամ հանրահավաքի հարթակում Քոչարյանը ելույթ է եղել 2003 թվականին։ Խոստովանեց՝ իշխանությունից հեռանալիս մտքով անգամ չէր անցնում, որ կրկին կվերադառնա քաղաքականություն և իշխանության հայտ կներկայացնի։
«Հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսալուց», - ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը երեք խնդրով հիմնավորեց իշխանության վերադառնալու իր մղումը. Հայաստանի և Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն քայքայել է բանակը, հայտարարեց նա. «Կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, որ կատարել եմ պարտքս հայրենիքի առջև և կարող եմ ազատ և հանգիստ ապրել իմ անձնական կյանքով, բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել»:
Երկրորդ խնդիրն, ըստ նրա, Արցախի մշուշոտ ապագան է, երրորդը՝ Հայաստանի տնտեսական ճգնաժամն ու թռիչքաձև անկումը. «Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն, դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն, նվաստացում, մահեր, զոհեր, չեն կարող անել: Այդ չարաբաստիկ հայտարարությունը նոյեմբերի 9-ի ենթադրում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որևէ մեկը ձեզանից լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյոք պատրաստ են իրենք այսպիսի սցենարին, թե ոչ»:
Մինչև հրապարակի հավաքը Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակիցները հուշագիր ստորագրեցին։ Ելույթ ունեցան ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը։ Նախընտրական ցուցակից անուններ չհրապարակեցին։ Հայտնի է, որ Քոչարյանից հետո ցուցակում երկրորդն Իշխան Սաղաթելյանն է, առաջին հնգյակում է Վահե Հակոբյանը։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ էր հարթակում։ Ըստ լրատվամիջոցների՝ նա էլ է լինելու «Հայաստան» դաշինքի ցուցակում. «Հայաստան» դաշինք, դեպի ուժեղ Հայաստան»:
«Ի վերջո, սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է, այս գիտակցությունը, որ Հայ հեղափոխական դաշնակցությանը բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդես գալու որոշմանը», - ասաց Սաղաթելյանը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կորիզ է Սյունիքի համայնքի ղեկավարների, և մենք հրապարակ ենք գալիս ոչ միայն Սյունիքի, այլ ողջ Հայաստանի վերածննդի և հզորացման նպատակով», - նշեց Հակոբյանը:
Ռոբերտ Քոչարյանը մի քանի հարցի պատասխանեց։ «Ազատությունը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մերժել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեք նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկը։ Եթե երեք նախագահներն էլ Փաշինյանի իշխանությունը գնահատել են կործանարար, ապա այդ ի՞նչ խոչընդոտներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել հաղթահարել հանուն պետության շահի։ Արդյոք միանձնյա իշխանություն ձևավորելու մղո՞ւմն է։
«Ի՞նչ եք հասկանում միասնական պայքարելու տակ, կարո՞ղ եք ինձ ասել: Դա անպայման դաշինք ձևավորե՞լն է: Ես առաջարկում եմ, այո, և առաջին, և երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր, և եթե մտադրված են պայքարել, ուրեմն հաջողության հասնելու ենք ընդհանրապես: Սա բոլորի հաջողությունը կլինի, այսպես ձևակերպեմ: Միասնական դաշինք ձևավոր-չձևավորելը ուղղակի այդ պայքարելու տեխնիկաներից մեկն է: Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով, միայն կողջունեմ, եթե նաև իրենք ամբողջությամբ, ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ: Եվ այս պայքարն ունի երկու բաղադրիչ` մեկը պայքար այս կործանարար իշխանության դեմ և մյուսը` այո, պայքար նաև իշխանության համար: Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարելով երկրորդով, բայց այն, ով չի պայքարում այսօր այդ առաջին բաղադրիչով, ուղղակի դասալիքություն է ցուցադրում: Սա եմ համարում երկրի շահին ծառայելը»:
Հուշագրի ստորագրումից Ռոբերտ Քոոչարյանն ու դաշնակիցներն Ազատության հրապարակ եկան երթով` Հյուսիսային պողոտայով:
Ազատության հրապարակը բազմամարդ էր, իսկ ոստիկանները՝ սակավաթիվ։ Միջադեպեր տեղի չունեցան, միայն Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ հրապարակում մի քաղաքացի էր վատացել: Երբ Քոչարյանը հայտարարեց, թե մարդ է վատացել, հարթակն ու հրապարակը ծիծաղով արձագանքեցին դրան։
Հանրահավաքից հետո հեռացավ հենց Ազատության հրապարակից. «Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու վաղը: Հիմա միասին բոլորս` Հայաստան»: