Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դեռևս չի հստակեցրել ընտրություններին մասնակցության ձևաչափը, ԼՀԿ-ն` ընտրացուցակը


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը չի բացառում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հավանականությունը, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Կոնգրեսում այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարում, սակայն վերջնական որոշում դեռ չունեն. «Հնարավոր է դաշինքով գնալ. հնարավոր է միայնակ գնալ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է»:

Օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց, որ դեռ մարտին իր երբեմնի քաղաքական հակառակորդներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք»-ով ու հրապարակային կրկնեց իր այդ առաջարկը։ Երկու նախկին նախագահներն էլ մերժեցին՝ հայտարարելով, թե ընտրություններին մասնակցելու այլ ձևաչափ են ընտրել։ Մի քանի օր անց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե մայիսի սկզբին էլ Սերժ Սարգսյանին է հանդիպել ու առաջարկել ընտրությունների գնալ ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով ու կրկին ստացել մերժում։

«Փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ»,- Ilur.am-ում գրել էր առաջին նախագահը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գործող իշխանություններից պետք է ազատվել, առաջին նախագահի առաջարկն, ըստ Զուրաբյանի, երկրի բոլոր կարող ուժերը համախմբելու փորձ էր այդ խնդիրը լուծելու համար. «Ընդ որում, այն բանաձևը, որն առաջարկվել էր, շատ պարզ էր. ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը և ոչ էլ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը չպիտի զբաղեցնեին դրա արդյունքում պետական որևէ պաշտոն, այսինքն` եթե ամբողջ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին` ելնելով միայն նրանից, որ հանկարծակի իշխանության չգան հանցագործներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա այդ լուծումով փաստորեն նման հեռանկարն ընդհանրապես դառնում էր անիրականանալի և վերջնականապես լուծվում էր»:

Զուրաբյանի գնահատմամբ` շատ լավ երևաց՝ ով է պատրաստ իշխանության նկրտումները զոհաբերել հանուն պետության շահերի, ով` ոչ։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով արտահերթին մասնակցելու մասին հայտարարած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ պետք է ֆիքսել՝ Հայաստանի բոլոր նախագահները կտրուկ դեմ են «ազգակործան վարչակազմին». «Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ ասում է, Նիկոլն ինչքան է ապիկար, ինչքան է վատ, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում: Ուզում է ասի` ժողովուրդ ջան, ես այս կապիտուլյանտի հետ գործ չունեմ»:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանակին հայտարարում էր՝ «նախկինին վերադարձ չի լինելու, իրենք ապագան են, որոնք գալիս են նոր դեմքերով, նոր մտքերով»։ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նախկինը Հայաստանի գործող իշխանությունն է. «Նրա թիմում նայեք` ինչքան նախկիններ կան, իրականում նախկիններ, որոնք դուք դեռ ծնված չեք եղել, պաշտոնյա են եղել: Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի գնահատականներին, պարոն Վանեցյանը դրա մասին խոսել է, մենք դրա մասին խոսել ենք: Այսօր մենք գնում ենք ընտրությունների` նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան պատուհաս ռեժիմի դեմ` այս կապիտուլյանտների դեմ, և մենք գտնում ենք, որ «Հանրապետական-Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային պահպանողական դաշտում»:

ՀՀԿ ներկայացուցիչն ասում է՝ առայժմ քննարկում են՝ ովքեր են լինելու իրենց նախընտրական ցուցակում։ Առաջին համարը, ամենայն հավանականությամբ, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կլինի։

Ընտրական ցուցակներում թեկնածուների հերթականության մասին որոշում չունի նաև «Լուսավոր Հայաստանը», որն արդեն հայտարարել է՝ արտահերթին առանց դաշինքի է մասնակցելու. «Ամենայն անկեղծությամբ դեռ ցուցակ չունենք գրած, չենք ուզում շտապել ժամանակից, նախագահի հրամանագիրը կլինի ընտրությունների նշանակման օրվա հետ կապված, մենք էլ կսկսենք ներքին աշխատանքները: Բավականին գործ արել ենք, ծրագրի վրա ենք աշխատել, վերանայել ենք ծրագրերը, մոտեցումները` կապված եղած մարտահրավերների հետ: Բայց էտ ցուցակ, ով կլինի ցուցակի մեջ, դա այդքան էլ ես չեմ կարծում, որ այս պահին ավելի արագ անելու բան է»:

Արտահերթ ընտրություններին առանց դաշինքի մասնակցելու մասին հայտարարել է նաև «Բարգավաճ Հայաստանը»: «Հավատում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ որոշումներ կընդունի»,- ասում է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Այսօր մարդիկ կան, որ ասում են` չկողմնորոշված են, ակտիվ այս ակցիաներին մասնակցում են, չեն մասնակցում, հիմա մենք տեսնելու ենք, որ կամաց ժողովրդի զգայարանները տանելու են նրան, որ իրենք հստակ որոշում են ընդունելու, որ պետք է փոփոխություն լինի: Ընտրությունից մի քանի օր առաջ դուք կտեսնեք, որ կտրուկ մթնոլորտ է փոխվելու»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես առանց դաշինքի կգնա ընտրությունների՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG