Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ փորձն է արել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու, բայց դարձյալ չի հաջողել։ Նախկին նախագահների միասնական դաշինքի առաջարկը Քոչարյանի կտրուկ մերժելուց հետո` մայիսի 1-ին, Տեր-Պետրոսյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին է հանդիպել ու առաջարկել Կոնգրես-Հանրապետական դաշինքով մասնակցել, բայց Սարգսյանը մերժել է։
Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է իր առաջարկի տեքստը.
«Նկատի ունենալով՝
• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,
• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
• ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,
• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,
հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»:
Տեր-Պետրոսյանն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ առաջարկի դեպքում շեշտել է` նախկին ղեկավարները իշխանության չեն հավակնելու, իրենց դերակատարումը լինելու է բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։ ՀԱԿ առաջնորդը պարզաբանել է, թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ նպատակ է ունեցել հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա՝ դաշինքի իրագործումը դեռևս բացառված չհամարելով` դրական արձագանքներ ստացել է։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ, այսօր հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը.
«Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը»:
Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքում են
Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքում են, թե Տեր-Պետրոսյանի հրապարակած տեքստն առաջին անգամ են տեսնում։ Իսկ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում»:
Քոչարյանը փակագծերը կբացի մայիսի 9-ին Ազատության հրապարակում
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյան արդեն հայտարարել են` առանձին դաշինքներով են մասնակցելու ընտրություններին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ «Վերածնվող Հայաստանը» Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունն է։ Վերջերս է հիմնադրել։
Թե ինչ կարգախոսով ու ծրագրերով է Քոչարյանը մրցակցելու Փաշինյանի հետ, փակագծեր կբացի Ազատության հրապարակում մայիսի 9-ին հրավիրված հանրահավաքում. «Հաղթածները ստեղծում են հաղթանակի դաշինք և մեր քաղաքացիներին հրավիրում են այդ դաշինքի և մեր անելիքների մասին ներկայացնելու հենց Շուշիի ազատագրման օրը` հենց մեր հաղթանակի օրը»:
Քոչարյանի գլխավորած դաշինքի երկրորդ թեկնածուն՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են Փաշինյանի իշխանությունը հեռացնելու համար։ Եթե ամեն ինչի պատրաստ են, ինչո՞ւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը չեն ընդունում, ու Փաշինյանի դեմ պայքարող ուժերը համախմբված չեն մասնակցում ընտրություններին։
«Ակնհայտ է, որ կոնկրետ Դաշնակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունի գաղափարական խորը տարաձայնություններ, այսինքն` ես չեմ պատկերացնում որևէ իրավիճակ, որ Դաշնակցությունն ու ՀՀՇ-ն` տվյալ պարագայում ՀԱԿ-ը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող են լինել նույն բլոկի մեջ, որովհետև մենք ունենք գաղափարական խորը տարաձայնություններ: Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողը մեր ընտրողը չի, այսինքն` դա դեռ հարց է` այդ միավորումը կուժեղացներ այդ բլոկը, թե՞ ավելի կհիասթափեցներ մեր և իր համակիրներին», - ասում է Սաղաթելյանը:
Եթե արցախյան հարցի կարգավորման հարցում Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը չեն, ընտրազանգվածն էլ տարբեր է, ապա ի՞նչն է խանգարում, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միավորվելուն։ Փողոցում Փաշինյանի դեմ պայքարի վեցամսյա միասնությունը ինչո՞ւ փլուզվեց նախընտրական փուլում։ Սարգսյանին ու Քոչարյանին արդեն նույն նպատակը չի՞ միավորում։
«Նպատակահարմար ենք գտել այս ճանապարհով, իսկ մոտեցումների մեջ ես շատ վստահ եմ` ոչ Հանրապետական կուսակցության, ոչ «Հայրենիքի», ոչ մեր դաշինքի մասնակից ուժերի ոչինչ չի փոխվել», - պատասխանեց նա:
Համախմբվել չստացվեց, բայց արդյունավետ համագործակցել կարող են։ Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցն առաջարկում է` ընդդիմադիր ուժերով հուշագիր ստորագրեն կամ պարզապես պայմանավորվեն, որ նախընտրական քարոզարշավում միմյանց չեն քննադատելու, թիրախում միայն Փաշինյանն է լինելու. «Պայմանավորվենք, որ որևէ պարագայում, որևէ իրավիճակում այս դաշտի ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ չեն համագործակցի»:
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը համոզված է՝ նախընտրական պայքարը երկու բևեռում է լինելու՝ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած ուժերի միջև. «Գոյություն ունի ստեղծված բևեռ` Նիկոլ և հականիկոլ, և հականիկոլ բևեռի գլխավոր ուժը մեր դաշինքն է»: