Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ակնկալում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ստանալ քվեների գերակշիռ մեծամասնությունը՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն անգամ թվեր նշեց. «Եթե նայեք սոցհարցման հրապարակված տվյալները, մոտավոր 35 տոկոսի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի, 3, 4, երբեմն 5 տոկոսի շրջանակներում, դրանից ավելի ցածր մնացած կուսակցությունները ունեն: Այս թվերը որոշակի չափով հուշում են, թե հնարավոր ընտրությունների արդյունքները...., իհարկե, մենք մեծ տոկոս ունենք նաև, այսպես ասած, կա՛մ դեռ չկողմնորոշված, կա՛մ դեռ ոչ մեկին ձայն չտվող քաղաքացիների: Եկեք տեսնենք, դժվար գործ կլինի կանխատեսում կատարելը, բայց մենք գնում ենք ընտրությունների ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու համար»:
«Ազատություն». - Ճի՞շտ եմ հասկանում, որ կարծում եք, որ այս ընտրությունների արդյունքում նույնպես միակուսակցական կառավարություն կձևավորեք, թե՞ գտնում եք, որ, այնուամենայնիվ, կոալիցիոն կլինի:
Գրիգորյան. - Դա արդյունքներից կախված կլինի, բայց քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ թե դաշինքով է մասնակցում, այլ որպես կուսակցություն է մասնակցում, ապա հայտ է ներկայացնում հանրության մանդատը ստանալու համար:
«Ազատություն». - Մոտավորապես հայտնի է՝ ովքեր են հիմնական ուժերը, «Քաղաքացիական պայմանագրին» եթե մի կողմ ենք դնում, խոսում են երկրորդ նախագահի գլխավորած ուժի, խոսում են Գագիկ Ծառուկյանի մասին, խոսում են Սերժ Սարգսյանի փաստացի գլխավորության ներքո գործող դաշինքի, «Լուսավոր Հայաստանի» մասին, այս ուժերից կա՞ն ուժեր, որոնց հետ բացառում եք կոալիցիա կազմել, կամ չեք բացառում կոալիցիա կազմելը:
Գրիգորյան. - Բնականաբար, նախկինների հետ բացառում ենք որևէ կոալիցիա, բայց նման հարցերը, կարծում եմ, որ տրամաբանական կլինի միայն ընտրությունների արդյունքներից հետո քննարկելը, որովհետև ընտրությունների արդյունքները չեղած այդպիսի բաներ քննարկելը մի քիչ տրամաբանական չէ:
«Ազատություն». - «Քաղաքացիական պայմանագրի» ցանկում գործարարներ լինելո՞ւ են:
Գրիգորյան. - Եկեք սպասենք, այսօր ամսի 7-ն է, մեզ մնացել է ընդամենը երևի մոտ 18 օր ամբողջական ցուցակը հրապարակելու համար, հրապարակենք ամեն ինչ հայտնի կլինի:
«Ազատություն». - Որքան հասկացա չեք բացառում:
Գրիգորյան. - Եկեք սպասենք ցուցակներին:
Մեր քաղաքական թիմը հավատում է ժողովրդավարությանը, նաև փորձը ցույց տվեց, թե որքան կարևոր նշանակություն ունի ժողովրդավարությունը՝ շարունակեց Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյան. - Երբ որ դու ժողովրդավար ես լինում, հեղաշրջումներ, ցանկացած այլ բաներ տեղի չեն ունենա, ինչպես նշեցի, 98 թվականը շատ վառ օրինակ է մեր համար: Ինչո՞ւ 98 թվականին մի քանի ուժային կարողանում են մեկ հոգու ստիպել հրաժարական տալ և իշխանություն վերցնել, 2020-21 թվականին էլիտար բունտ է տեղի ունենում և չի հաջողվում որևիցե բան անել, և ամբողջ կայունության աղբյուրը հիմնականում եղել է ժողովուրդը. 2020-ի ծանր փուլից հետո ժողովուրդը կարողացել է կայունություն ապահովել: Հստակ բան ասեմ, եթե ժողովուրդը դուրս գար փողոց, իշխանափոխություն տեղի էր ունենալու, բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել և նախկինների, նույնիսկ ուժային կառույցների բունտից հետո ընդհանուր համակարգը կայունություն է պահպանել ինչքան էլ ասեն՝ համակարգ չի եղել, բան չի եղել, բայց կայունություն է պահպանել, և մենք հասել ենք ընտրությունների, սա ֆունդամենտալ կարևոր հարց է: Մի քանի հոգի չեն կարողացել Հայաստանում, ինչքան էլ ռեսուրսներ ունենան, ինչքան էլ փող ունեն, ինչքան էլ աջակցություն ունենան տարբեր տեղերից, չեն կարողացել իշխանափոխություն իրականացնել:
«Ազատություն».- Ովքե՞ր, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը:
Գրիգորյան. Շատ մարդիկ են եղել, Ձեր թվարկածներն են եղել, բայց Ձեր աչքի առաջ է եղել, 17-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, շատերն են ցանկացել նման բան, բայց դա տեղի չի ունեցել զուտ մեկ պատճառով, որովհետև հանրությունը թույլ չի տվել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.