Մատչելիության հղումներ

Խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ


1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի համաձայն քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի և Հայաստանում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հաջորդ ընտրությունը տեղի կունենա մեկ շաբաթից:

Վարչապետի միակ թեկնածուն այսօր իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Փաշինյանն էր, որը հայտարարեց՝ գոյություն ունեցող պայմանավորվածությունները խախտելու դեպքում «Իմ քայլը» պարզապես հաջորդ ընտրությանն իրեն կընտրի Հայաստանի վարչապետը:

«Եթե էդպիսի փորձեր լինեն՝ պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում, այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի», - ասաց Փաշինյանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը նիստին ընդհանրապես ներկա չէր, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից ոչ հարցեր ուղղեցին Փաշինյանին, ոչ էլ ելույթներ ունեցան: Միայն խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավորի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ու հայտարարեց, որ իրենք հավատարիմ կմնան նախնական պայմանավորվածությանը:

«Արտահերթ ընտրությունների հետ կապված ուղերձը բոլոր քաղաքական ուժերին ուղղված այն է, որ բոլորով գնում ենք, որպեսզի տեսնենք, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ինչ են որոշելու», - նշեց Մարուքյանը:

Նախքան քվեարկությունը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խնդրանքով արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ Փաշինյանը հայտարարեց՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2015-ից, ոչ թե 2018-ից հետո:

«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ ինքը պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի, մարդկանց պատմել 2015 թվականի աշնան և 2016 թվականի ձմռան իրադարձությունները: Որից հետո եկել է 2016 թվականի գարունը և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան», - ներկայացրեց Փաշինյանը:

Փաշինյանը հարցազրույցից առանձնացրեց նաև այն դրվագը, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի բնակչություն եզրույթը։ Բացահայտեց, որ ժամանակին Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել ու հարց բարձրացրել, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեին քանի՞ ադրբեջանցի է մասնացկելու։

«5+2, եկեք խոստովանենք, որ այդպիսի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետև դեռևս 2016 թվականին իր տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին: Ինքը ասում է, որ հայկական կողմն ասում էր՝ մենք թողնում ենք 7 շրջանները, իսկ ադրբեջանական կողմն ասում էր՝ ոչ: 5+2-ը հետևյալն է՝ էն 2-ը, ներողություն այդ բառն օգտագործելու համար, բայց բանակցային պաշարն է, որ հետագայում, երբ որ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, այդ 2-ը նրա համար է, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը կամ գործարքը դարձվի ավելի կամ պակաս գրավիչ», - ներկայացրեց Փաշինյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարություններին ու դրանք մանիպուլյացիա որակել։

«Տարրական է այն հանգամանքը, որ հնարավոր հանրաքվեին հայ և ադրբեջանցիները պիտի մասնակցեին սովետական վերջին մարդահամարի համամասնությամբ՝ 75% հայ - 25% ադրբեջանցի», - գրել է Աշոտյանը։

Արդեն եզրափակիչ ելույթում, որի հիմնական մասը կրկին Լեռնային Ղարաբաղի ու պատերազմի մասին էր, Փաշինյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ։ Վերահաստատեց՝ արտաքին անվտանգության համակարգը Հայաստանը պատերազմից հետո չի փոխել, այն հիմնված է հայ-ռուսական համատեղ զորախումբ և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա։

XS
SM
MD
LG