Ադրբեջանում պահվող հայ գերիներին Հայաստան վերադարձնելու պահանջով երեկ Մոսկվայում իրականացված ցույցի մասնակիցներին բերման են ենթարկել։
Ակցիա իրականացնողները հավաքվել էին Ռուսաստանի արտործնախարարության շենքի դիմաց, որտեղից էլ նրանց ոստիկանները բերման են ենթարկել, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը։
«Ազատության» հետ զրույցում Տոնոյանն ասաց, որ բոլոր բերման ենթարկվածները ժամեր անց ազատ են արձակվել․ - «Մեր կողմից եղել էր արտգործնախարարության մոտ օրենքի խախտում, որի պատճառով ակցիայի մասնակիցներից վեցին ձերբակալել էին և մոտ երեք ժամ անց բաց էին թողել։ Մենք հետապնդում ենք մեկ նպատակ՝ որպեսզի ընդհանրապես հանրությունը և բոլոր այն կառույցները, ովքեր պատասխանատու են հումանիտար խնդիրների համար, որ այս խնդիրը լինի իրենց օրակարգում և օգտագործելով բոլոր լծակները մեր հայրենակիցներին շուտ վերադարձնեն»։
Տոնոյանի խոսքով, Մոսկվայում վերջին ամիսներին նույն պահանջով ակցիաներ են անցկացնում ամեն օր՝ պահպանելով համավարակով պայմանավորված սահմանափակումները։
Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով բողոքի ակցիաներ են երեկ անցկացվել աշխարհի տարբեր երկրներում, Երևանի ժամանակով ուշ երեկոյան՝ նաև ԱՄՆ-ի ու Կանադայի տարբեր քաղաքներում։
Մոնրեալում հավաք անցկացվեց Կանադայի արտգործնախարարի գրասենյակի դիմաց։ Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց կոչը «կառավարություններին, միջազգային կազմակերպություններին հորդորել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատել բոլոր հայ ռազմագերիներին»։
Նյու Յորքում քաղաքացիները հավաքվել էին Կարմիր խաչի գրասենյակի մոտ։ Նրանք հայտարարեցին․ - «Հայերը կոչ են անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին։ Ադրբեջանը խախտում է ռազմագերիներին վերաբերող Ժնևյան կոնվենցիաները»։
Երեկ ակցիաներ են անցկացվել նաև Երևանում ու մի շարք եվրոպական քաղաքներում՝ Հռոմում, Բեռլինում, Ժնևում և այլուր։
«Մեր ամենակարևոր պահանջը մեր գերիների տուն վերադառնալն է։ Ադրբեջանն այսօր ավելի քան 200 գերի ունի մեր զինվորներից և ազատ չի թողնում», - ասում է Շվեյցարիայի հայերի միության փոխնախագահ Րաֆիի Կիրակոսյանը։
Նրա խոսքով, այդ երկրում չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում. – «Այս ցույցը կազմակերպելու շնոհիվ այստեղի մեդիան հետաքրքրվում է մեզնով և տարածում է մեր ձայնը։ Կարող եմ ասել, որ մենք չենք կանգնելու, մինչև մեր զինվորները վերադառնան իրենց տները, իրենց ընտանիքի մոտ»։
Հռոմում բնակվող Եվա Գաբրիելյանը փորձում է ամեն կերպ օգնել Հայաստանին։ Այնտեղ «Հռոմի հայ երիտասարդություն» կամավորական կազմակերպություն են հիմնել ու արդեն մի քանի նախագծեր իրականացնել։ Երեկ էլ մասնակցում էին գերիների վերադարձի պահանջով ակցիային. – «Միտքը այն է, որ շարունակական լինի։ Այսինքն, եթե էս անգամ քիչ են եղել արձագանքները, ամեն դեպքում, մյուս անգամ էլ ա արվելու, երրորդ, չորրորդ, մինչև արդեն չհասնի բոլորին, որ գերիները պետք է վերադառնան տուն։ Ներկա պահին շատ արձագանքներ չենք ունեցել, բայց հետաքրքրվողներ արդեն կան»։
Ցույցն իրականացրել են Իտալիայի արտգործնախարարության դիմաց․ – «Հատուկ ընտրել էինք այնպիսի ժամ, երբ աշխատողները նախարարության վերադառնում են ճաշից։ Տեսան, կանգնեցին, կարդացին»։
Եվան կարևորում է նման նախաձեռնությունների շարունակականությունը, որ միտքը բոլորին հասանելի դառնա․ - «Մենք ներկա պահին մեր հայկական գերիների համար ենք պայքարում։ Շատ լավ ենք գիտակցում, որ ամբողջ աշխարհում ներկա պահին կան էլի պատերազմի գերիներ, ու եթե մենք այսօր մեզ համար ենք անում ու տարբեր քաղաքացիներ, կլինի Իտալիայի, կլինի ուրիշ եվրոպական երկրի քաղաքացիները մեզ օգնում են։ Ու հենց դա է կարևոր, որ Հայաստանի գերիների համար ենք անում, բայց միտքը դառնում ա՝ բոլորի համար»։
Ընդհանուր առմամբ, մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի տարբեր տվյալներով, Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի կա։