Մատչելիության հղումներ

Սենատոր Մենենդեսը կոչ է անում Նուլանդին, պաշտոնը ստանձնելու դեպքում, զբաղվել հայ գերիների վերադարձի և Արցախի հարցերով


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրված Վիկտորիա Նուլանդին կոչ է անում, պաշտոնը ստանձնելու դեպքում, ջանքեր գործադրել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման, Արցախին մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացման ուղղությամբ։

Նախագահ Ջո Բայդենը, հիշեցնենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորիա Նուլանդի թեկնածությունը։

Փորձառու դիվանագետը Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ մասնավորապես համակարգելով հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններին առնչվող հարցերը:

Նախօրեին Նուլանդի թեկնածության շուրջ Սենատի լսումների ընթացքում Մենենդեսի հարցերից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքներին և դրանք վերացնելուն ուղղված Վաշինգտոնի քայլերին։

«Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, աննկարագրելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, մենք պետք է ուղղենք դա», - շեշտել է Մենենդեսը և պնդել․ - «Միացյալ Նահանգները նախ պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով, ինչը Բաքուն հրաժարվում է իրականացնել՝ խախտելով միջազգային իրավունքը»։

Ամերիկացի ազդեցիկ սենատորը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին, այդ թվում՝ միջոցներ ականազերծման համար։

«Ի՞նչ կարող ենք անել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ակտիվացնելու համար՝ ավելի կայուն, խաղաղ գործընթաց ստեղծելու նպատակով», - ամերիկյան պետքարտուղարությունում բարձր պաշտոն ստանձնող դիվանագետից հետաքրքրվել է Մենենդեսը։

Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը հիշեցրել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի խնդիրների շուրջ, «և այն, ինչ տեղի է ունեցել անցյալ տարի, միանշանակ ողբերգություն էր տարածաշրջանում շատերի համար», ասել է նա։

«Եվ, ինչպես նշեցիք, գերիները պետք է ազատ արձակվեն, պետք է մարդասիրական օգնություն հասցնենք, պետք է ապահովենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը որպեսզի երկիրն ի վիճակի լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները։ Եվ մենք պետք է խոսենք մեր դաշնակից Թուրքիայի հետ, մենք այնտեղ անելիքներ շատ ունենք»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի թեկնածուն։

Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդիրն անցած ամիս քննարկել են Հայաստանի վարչապետն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Սա ամերիկյան վարչակազմի փոփոխությունից ի վեր առաջին բարձր մակարդակի շփումն էր երկու երկրների միջև։

Այդ հեռախոսազրույցին նախորդել են ամերիկյան քաղաքական շրջանակների մի շարք նախաձեռնություններ, որոնցով մասնավորապես տասնյակ կոնգրեսականներ, սենատորներ Բայդենի կառավարությանը կոչ են արել՝ ուղղել Դոնալդ Թրամփի սխալը և ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Կովկասի, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության հարցում։

Մարտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող հայ գերիներին առնչվող օրինագիծ, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադաոն և Ֆրենք Փալոն-կրտսերը կոչ են արել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել գերեվարված ավելի քան 200 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց թվում նաև կանայք են։

Մեկ այլ նախաձեռնությամբ կոնգրեսականները երկրի կառավարությանն են դիմել՝ Հայաստանին և Արցախին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու և Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն սառեցնելու պահանջով՝ քանի դեռ Բաքուն չի երաշխավորել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների դադարեցումը։

44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար՝ հորդորելով գործուն քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու հարցում։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից՝ հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։

XS
SM
MD
LG