Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:
Հայ և վրացի ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, որի պահպանման ու շարունակման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները, ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի՝ ընդգծել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը՝ նշելով՝ երկու եկեղեցիները նաև կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։
Արմեն Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնական այցն ուղղված է բարեկամության պատմական ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների ներկա հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարների քննարկմանը։
Նախագահը խոսել է նաև ներկայի մարտահրավերների մասին՝ նշելով, որ բարդ ժամանակներ են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի համար. - «Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար»։
«Երբ դժվար է Հայաստանի, հայ ժողովրդի համար, դժվար է նաև մեզ համար», - իր հերթին ասել է Իլյա Երկրորդը՝ հույս հայտնելով, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու դժվարությունները։