«Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել որ որոշ հարցերում ունենք ձախողումներ», - այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, անկեղծացավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա ընդգծեց՝ իրենց քաղաքական նպատակը եղել է թե՛ տեղի ունեցած ամբողջ ցավալի իրադարձությունների բացահայտումը, թե՛ դատաիրավական բարեփոխումները, թե՛ անկախ դատական համակարգի ստեղծումը, թե՛ հակակոռուպցիոն բարեփումները՝ զրո հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։
«Կարծում եմ առնվազն հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում մենք առնվազն դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չենք արել։ Ես չէի ուզի արդարանալ, որովհետև բացարձակ կարևոր չէ, թե ինչ փաստարկներ կբերվեն։ Ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և երևացող չեն հանրության համար և կա դժգոհություն այս առումով», - ասաց Բադասյանը՝ շարունակելով՝ ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, և չի կարելի ամեն հարցի կոնկրետ պատասխանը ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց կարծում եմ, որ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում մենք ունենք ձախողումներ»։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այդ հոդվածը։
Լրագրողների դիտարկմանը, թե Բադասյանն ասել էր, որ Մարտի 1-ի գործով մեծ աշխատանք կա կատարված, իսկ ամենավերին մակարդակով հայտարարվել էր, որ Մարտի 1-ը բացահայտված է, Բադասյանն այսպես արձագանքեց․ - «Մեկնաբանվել է, թե ինչ է նշանակում բացահայտվել։ Մենք հիմա ունենք նոր հանգամանքներ, Սահմանադրական դատարանի որոշում, կոմկրետ գործով դատարանի որոշում, ես կարող եմ իմ մասով խոսել․ դատաիրավական ոլորտի բարեփոխումներով ես պատասխանատուն են, քննադատության հիմնական թիրախը նրանում է, որ վեթթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, ինչ որոշում որ կկայացվի, եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն՝ դատաիրավական բարեփոխումներ և վեթթինգը չանելու»։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց՝ Հայաստանում անկախ դատական իշխանություն, բարեվարք և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու պայքարը չի ավարտվել: «Անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա կլինի», - եզրափակեց Բադասյանը։