2,5 տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը կարճվեց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, ընթերցեց իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց։
Մոտ երկու շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։ Դրանից հետո Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին դատարանին այդ մեղադրանքով հետապնդումը դադարեցնել և գործը կարճել։