Մատչելիության հղումներ

Փաստաբանի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործով որևէ նոր նախաձեռնություն պետք է լինի ընտրություններից հետո


Փաստաբան, Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի համոզմամբ, Մարտի 1-ի գործով որևէ նոր նախաձեռնություն պետք է լինի ընտրություններից հետո։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում Եգորյանը՝ վտանգավոր համարելով այս հարցի շուրջ նոր նախաձեռնությունը, դրա տապալումն իրատեսական համարեց։

ՍԴ-ն ուրբաթ օրը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին,ճանաչեց հակասահմանադրական և անվավեր։

Եգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ի՞նչ պետք է լինի հետո։ Հիմնական մեղադրանքները, գիտեք, նախկին պաշտոնյաներին այդ մասով էին Մարտի 1-ի գործով ներկայացված, հիմա պետք է կարճվի՞ գործը։

Տիգրան Եգորյան․ - Այս հոդվածով հետապնդումն, այո։ Այս հոդվածով գործը պետք է կարճվի՝ էս մեղադրանքով։ Այլ հարց է, թե հետագայում ինչ դիրքորոշում կունենա դատախազությունը, կամ վարույթն իրականացնող մարմինը։

«Ազատություն»․ - Այսինքն՝ կարող է վերավորակել մեղադրանքը, նոր հոդվածով մեղադրանք առաջադրել։ Ի՞նչ եք կարծում։

Տիգրան Եգորյան․ - Արարքները։ Արդեն նայենք, տեսնենք ինչ կանեն։ Ես ճիշտն ասած, հաշվի առնելով այս երեք տարվա ընթացքում այն հիմնական ուղղություններով գործունեությունը պետական տարբեր մարմինների, որոնք մեծ հաշվով ածանցվում են իշխանության, այսպես ասած, բովանդակությունից, համարում եմ հատկապես կործանարար այն առումով, անբովանդակ այն առումով, որ բոլոր կարևոր ուղղությունները տապալվել են հենց ճանապարհի կեսից, սա այն ամենավտանգավոր երևույթն է, որ կարա տեղի ունենա, ավելի վտանգավոր, քան կոնկրետ հարցի վերաբերյալ գործողություն չձեռնարկելը։

«Ազատություն»․ - Ի՞նչ նկատի ունեք, կկոնկրետացնե՞ք։

Տիգրան Եգորյան․ - Բազմաթիվ այլ գործեր են եղել և ամենամեծ հիասթափությունն ու ձախողումներն առաջացել են այն պատճառով, որ կոնկրետ հարցերով և կոնկրետ ուղղություններով որոշակի պրոցեսներ են ձեռնարկվել և դրանք թողնվել են կիսատ, դրանք չեն լուծվել, դրանք չեն հասցվել ավարտին։

«Ազատություն»․ - Հիմա այս գործով ո՞րն է կիսատ թողել՝ դատախազությո՞ւնը, Հատուկ քննչական ծառայությո՞ւնը։

Տիգրան Եգորյան․ - Ընդհանրապես էս գործն ամեն դեպքում և մինչև Սահմանադրական դատարանի որոշումն էր կիսատ, որովհետև մենք տեսնում էինք նախաքննության այդ տեմպի ընդհատում, ըստ էության դադար, տեսնում էինք մնացած մայր գործով, մենք տեսնում էինք դատաքննության պրոցեսի կանգ, մենք տեսնում ենք, հիմա այս գործից անջատվենք, դատական իշխանության հարցում իշխանության օրենսդիր և գործադիր իշխանությունների կամքի բացակայությունը այդ դատական իշխանության անկախության և անկողմնակալության վերականգնման հարցում, դատավորների զտման հարցում։ Մենք տեսանք Սահմանադրական դատարանի հարցում անհետևողականություն։ Ամնենամեծ վտանգը և ամենակործանարար ազդեցությունն էդ անհետևողականությունն է։ Դրա համար ես չեմ ուզում որևէ կանխատեսում անել և որևէ հուշումներ անել, որովհետև վախենում եմ, որ որևէ նոր պրոցես էս գործով հանկարծ հիմա մեկնարկի և էլի վերածվի ջարդոնի։ Դրա համար ես կարծում եմ, որ էս լրջագույն հարցերին ճիշտ կլինի հասկանալ, թե ինչպիսի ուժերի բալանս է ձևավորվում ընտրություններից հետո, արդյո՞ք ժողովրդի իշխանությունն այս կամ այն ուժի, կամ դրանց դաշինքի միջոցով նորից հաղթանակում է, և դրանից հետո հասկանալ, թե ինչ է կարելի անել տարբեր հարցերում։

«Ազատություն»․ - Այսինքն՝ կարծում եք, որ ընտրություններից հետո պետք է թողնվի այս հարցի քննարկումը։

Եգորյան․ - Ես վտանգավոր եմ դիտարկում որևէ նոր նախաձեռնություն էս կարևորագույն հարցերի շուրջ, որովհետև ես չափազանց իրատեսական եմ համարում դրանց հերթական տապալումը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG