Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք ենթակաների գործով դատական նիստերը կես տարի բոյկոտող տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա ՍաՖարյանը կվերադառնա դատարան, իսկ 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները դեռևս քննարկում են նիստերին մասնակցելու հարցը։
«Դատաքննության փուլ մտնելու պարագայում, եթե ընդունում ենք, որ իրականում մտնելու ենք դատաքննության փուլ, և պաշտպանության կողմը հիմա էլ արհեստականորեն պաշտպանության իրավունքին առնչվող ձգձգումներ ու հիմա էլ այդ հիմքով հետաձգելու փորձեր չի անելու, ապա կարծում եմ, որ տուժողները կներկայանան, որովհետև երբ որ հնչի մեղադրական եզրակացությունը, արարքի որակման հետ կապված մենք մեր տեսակետը պետք է արտահայտենք», - ասաց Սաֆարյանը:
Տուժողի փաստաբան Սաֆարյանը, 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդները և նրանց փաստաբան Տիգրան Եգորյանը նիստերը բոյկոտում են սեպտեմբերից՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը ձգձգվող դատավարության կապակցությամբ, նաև դժգոհ էին դատական իշխանության վարքագծից, որն այդպես էլ, նրանց պնդմամբ, 2018-ի հեղափոխությունից հետո չբարեփոխվեց։
Սահմանադրական կարգի տապալման գործը արդեն մեկուկես տարի քննող դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ հայտարարեց, որ սկսվում է բուն դատաքննությունը։ Այսօր Սեդա Սաֆարյանը հույս հայտնեց, որ դատաքննությունը չի ձգձգվի այնպես, ինչպես ձգձգվում էր նախնական փուլը։ Տուժողները ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին են մեղադրում տարատեսակ միջնորդություններով մեկուկես տարուց ավելի նիստերը ձգձգելու համար։
Դատաքննության փուլը նշանակում է, որ մեղադրողները կներկայացնեն մեղադրական եզրակացությունը, ցուցմունքներ տալու համար դատարան կհրավիրվեն վկաները, տուժողները։
Մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի համար, սակայն, սա դեռևս բոյկոտը դադարեցնելու հիմք չէ: Փաստաբանը սպասելու առիթներ ունի, որոնցից առաջինը, թերևս, այս պահին Սահմանադրական դատարանում Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների երեկ սկսված քննությունն է։ Բարձր դատարանը պետք է որոշի՝ արդյոք Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: Հարցին` եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի այդ հոդվածը, ի՞նչ է դա ենթադրում, նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Առաջիկայում սպասվում է այդ որոշումը այդ գործի համար վտանգավոր, նաև այլ հարցեր, ակնկալվող օրենսդրական փոփոխություններ, որոնք ևս վտանգներ են պարունակում այս գործի հետ կապված»:
Դատավորի երեկվա հայտարարությունը դժգոհությամբ ընդունեցին ամբաստանյալներն ու նրանց պաշպանները, որոնք դեռ միջնորդություններ ունեին քննելու։ Պաշտոնաթող նախագահի փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը։
Փաստաբան Սեդա Սաֆարյանը բազմիցս է պնդել, որ պաշտպանական կողմի նպատակը Սահմանադրական դատարանի սպասվող որոշումն է, հենց այդ պատճառով էին ձգձգում դատավարության նախնական փուլը և հենց այդ պատճառով էլ դժգոհ մնացին դատավորի որոշումից. «Ինչքան միջնորդություն ունեն, ներկայացրել են, գուցե իրենք ուզում են մի միջնորդությունը 10 անգամ ներկայացնեն, դատարանը պարտավոր չի նստել և սպասել, թե էլ ինչ ունի անելու պաշտպանության թևը, այսինքն` դատաքննությունը միայն իրենց համար չի էլի, դատաքննությունը նաև մյուս կողմերի համար է, և պետք է մյուս կողմերի շահերը ևս հնարավորինս պաշտպանվեն: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ դատարանը մի բան էլ ուշացել է դատաքննությունը սկսելուց, նա պետք է պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունները, հատկապես նույն հիմքով արված միջնորդությունները շատ արագ մերժեր, թողներ առանց քննության, կամ չգիտեմ, ինչ-որ օրենքը նախատեսում է, և անցներ քննության հաջորդ փուլին, ինչը չի արվել»:
«Կարևորը, որ մտնենք դատական փուլ, շատ բաներ ի հայտ կգան»
Դատաքննության փուլին սպասող Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը զարմացած չէ, որ ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները զայրույթով ընդունեցին դատաքննության մեկնարկի մասին դատավորի հայտարարությունը, բայց ինքն անհամբերությամբ սպասում է, որ դատարան գան վկաներն ու պատմեն եղելությունը. «Եվ զինվորականներ կան, և քաղաքացիական, և ցույցի մասնակիցներ կան, բոլորս գիտենք` ինչ է կատարվել մարտի 1-ին, ինչպես է սահմանը թուլացել, և Ղարաբաղից ինչ զորքեր են եկել, ինչ մեքենաներ են եկել, ինչ համարներ են փոխել, ինչ զորամասերից համազգեստներ են ստացել մեծահարուստների, օլիգարխների թիկնապահները, ինչ ծեծուջարդեր, ինչ դիկուպահարներ են եղել, բոլորը, վկաները կան, իրենց վկայությունը կտան»:
2008-ի հետընտրական իրադարձությունների 10 զոհերից 3-ը, այդ թվում` Սարգիս Քլոյանի որդին, զոհվել են հատուկ միջոցներից՝ չերյոմուխայի կրակոցներից։ 2008-ի ընտրություններով իշխանության եկած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը չի կարողացել պարզել, թե կոնկրետ ում կողմից կիրառված հատուկ միջոցի հետևանքով է անձը մահացել կամ ստացել վնասվածք: Թեև Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով սպանության դրվագ չի քննվում, 2008-ին Երևանի կենտրոնում սպանված 28-մյա երիտասարդի հայրը հույսը չի կորցնում, որ դատաքննության ընթացքում գուցե որդու մահվան հանգամանքների վրա լույս սփռվի. «Մտնենք դատական փուլ, այդ ժամանակ միգուցե ամեն ինչը բացահայտվի, նաև սպանություններից որոշ մասեր, եթե ոչ ամբողջովին, տեսնենք էլի: Կարևորը, որ մտնենք դատական փուլ, շատ բաներ ի հայտ կգան»:
Չի բացառվում, որ դատախազները հենց հաջորդ շաբաթ կայանալիք նիստին ներկայացնեն պաշտոնաթող նախագահի և նրա երեք ենթակաների մեղադրական եզրակացությունը։