Առկա իրավիճակը քննարկելու ու ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նախագահի առաջարկին ոչ բոլոր քաղաքական ուժերն են արձագանքել, տեղեկացրեց նախագահականի աշխատակազմը:
«Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ», - նշված է հաղորդագրությունում
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին քաղաքական դաշտից հրապարակավ դեռ միայն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլն» են արձագանքել։ Երկու ուժերն ընդունում են հանդիպման հրավերը։
Իշխող ուժի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց՝ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար։ Ավելի վաղ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էր Ֆեյսբուքում գրել՝ իրենք պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:
Խորհրդարանում էլ «Լուսավորից» պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց՝ այն ուժերը, որոնք ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն են ցանկանում, պետք է պատրաստակամ լինեն ընդունելու նման հրավերներ։
«Այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են, որ երկրում այս վիճակը հանգուցալուծվի և ոչ թե այս վիճակը ծառայեցնեն իրենց շահերին, ապա պետք է պատրաստակամ լինեն ընդունելու նման հրավերներ, որովհետև նախագահի հրավերը նշանակում է մեկ բան՝ նստել սեղանի շուրջ և քննարկել վիճակը», - նշեց Սամսոնյանը:
Իսկ արդյոք ընդդիմադիր ուժում իրատեսական համարո՞ւմ են բոլոր քաղաքական ուժերի հանդիպումը նույն ժամին, նույն վայրում, Սամսոնյանը խմբակցության անունից չխոսեց. «Չեմ կարող ասել իրատեսական է, թե ոչ: Նախագահն իր քայլն է արել և գնդակը բոլոր քաղաքական ուժերի և փողոցում պայքարող ընդդիմադիր ուժերի լիդերների դաշտում է, ինչպես նաև վարչապետի: Նորից եմ կրկնում՝ եթե մարդիկ չեն ուզում, որ վիճակը խորանա, պետք է խոսել, այլ տարբերակ չկա»:
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրեց հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակը, ինչպես հայտարարել էր, առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է։
Նախագահ Սարգսյանը հայտարարության մեջ նշել էր, որ պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է, հավելելով, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ պետության և պետականության համար: Ըստ նախագահի, խնդիրները շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է հրատապ և համակարգային փոփոխություններ, որոնց թվում՝ սահմանադրական և օրենսդրական։
Մյուս խորհրդարանական ուժից՝ ԲՀԿ-ից դեռ չեն արձագանքում։ Կառավարությունը ևս լուռ է։ Իսկ վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած «Հայրենիքի փրկության շարժումը» ևս դեռ չի հայտարարել՝ ընդունում է նախագահի հրավերը, թե ոչ, սակայն շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ հրավերը կընդունեն, եթե հայտնի լինի օրակարգ։
«Խնդիրը հետևյալն է՝ ինչի մասին պետք է խոսենք, մեր համար կարևորը ցանկացած հանդիպման ժամանակ օրակարգն է՝ ինչ օրակարգով պետք է խոսենք: Երբ որ կլինի հայտնի օրակարգը, եթե Արմեն Սարգսյանը Նիկոլին հրավիրել է, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը, այդ օրակարգով կարելի է խոսել, բայց եթե ինչ-որ հերթական, ներողություն, բայց կապիկության համար քննարկումներ են, մենք այդտեղ չկանք», - նշել է Սաղաթելյանը:
Նախագահի աշխատակազմից ակնկալում էին, որ քաղաքական ուժերը հրավերի առաջարկին կարձագանքեն մինչ աշխատանքային օրվա վերջ: