Առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին հրավիրում է հանդիպման: Այս մասին նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
«Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական», - հայտարարում է Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա` թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները, սակայն բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը, ինչպես նաև հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:
«Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:
Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:
Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը», - ասված է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ:
Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօրվա իր ուղերձում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատել էր՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Վարչապետը դիմել է նախագահին Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությամբ:
Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երեկվանից փակ են պահում նաև Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցը։ Ընդդիմադիրները Դեմիրճյան փողոցը փակեցին երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի դիմելու՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկի հարցով։