Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատում է՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Գասպարյանը քիչ առաջ հրապարակած իր ուղերձում նշել է՝ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։
Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։
Իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին, ինչպես Գասպարյանն է նշել, շարունակելու է այլ կարգավիճակով։
«Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման», - ասված է Գասպարյանի ուղերձում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։
Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։
Մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Այսօր արդեն նախագահը հայտարարեց, որ դիմել է Սահմանադրական դատարան, ՍԴ-ն էլ տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանի դիմումը ստացել է։