Մատչելիության հղումներ

Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակներում․ Արմեն Սարգսյան


Իշխանական «Իմ քայլից» Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ ժամկետը, որի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի միջնորդության սահմանադրականության հարցով կարող էր դիմել ՍԴ, անցել է, ուստի ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնից այլևս ազատված է իրավունքի ուժով։

«Նախագահը մինչ այս պահը որևիցե ձևով վարչապետի որոշումը չի բողոքարկել և չի էլ ստորագրել։ Իսկ օրենքը հստակ նշում է, որ այդ պարագայում օրենքը իրավունքի ուժով սկսում է գործել», - ասաց Սիմոնյանը։

Օնիկ Գասպարյանը շարունակո՞ւմ է լինել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, թե՞ ազատվել է պաշտոնից. կարծիքները կիսվել են, փաստաբանները վիճում են։ Այդ ընթացքում լռում են պաշտոնական աղբյուրները՝ ՊՆ-ն, կառավարությունը, նախագահականը։

Վարչապետ - Գլխավոր շտաբի պետ առճակատումը արդեն 2-րդ շաբաթն է շարունակվում, երբ զինվորականները Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ վարչապետի հրաժարականը պահանջեցին։

Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակած Փաշինյանն էլ ի պատասխան Գլխավոր շտաբի պետի պաշտոնակության գործընթաց սկսեց։ Նախագահը առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին պնդեց Գասպարյանի պաշտոնանկության միջնորդությունը։ Դրանից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրում, բայց ՍԴ էլ չդիմեց։ Փոխարենը խոսեց միանգամայն այլ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մտադրության մասին։

Չնայած այդ հայտարարությունից 5 օր է անցել, ՍԴ-ից այսօր «Ազատությանը» փոխանցել են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հանրապետության նախագահից որևէ դիմում չեն ստացել։ Իսկ Սահմանադրությունն ասում է՝ եթե Նախագահը պաշտոնանկության հրամանագիրը չի ստորագրում, բայց ՍԴ էլ չի դիմում, համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծում էր, որ Օնիկ Գասպարյանը այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը դեռ պաշտոնավարում էր։ Նա համախոհների հետ եկել էր նախագահական՝ ակնկալելով, որ Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան ու կպահանջի Սահմանադրությանը հակասող ճանաչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու՝ վարչապետի առաջարկությունը։

Վերջնաժամկետը, պնդում էր Զոհրաբյանը, այսօր է․ - «Հանրապետության նախագահը երբ առարկություններով վերադարձրել էր վարչապետի առաջարկությունը, նշել էր, որ հրամանագիրը առերևույթ հակասում էր Սահմանադրության 155 հոդվածին։ Եթե նախագահը երկու սահմանադրական մարմինների միջև վեճը, բախումը չի ուզում տանի Սահմանադրական դատարան, նաև արձանագրելով, որ կա Սահմանադրությանը անհամապատասխանության խնդիր, դրան գումարած նաև սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ․․․ ու էդքանից հետո եթե անգործություն է դրսևորում, մենք դա տարակուսելի ենք համարում։ Մտածում ենք, որ էստեղ միգուցե նախագահի վրա կա ճնշումներ»։

Օրվա ավարտին Զոհրաբյանը Ֆեյսբուքում հրապարակեց նախագահականից ստացված մեկուկես էջանոց պատասխանը՝ կարծիք հայտնելով, թե Արմեն Սարգսյանը ընտրել է արկածախնդրության ճանապարհը։

Իր պատասխանում նախագահը գրել է․ - «Ներկայումս Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության, թե՛ քաղաքական հետևանքների առումով, գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակներում»։

Չնայած ՍԴ-ում գործերի քննությունը կարող ամիսներ տևել, նախագահը հույս էր հայտնել, որ երբ դիմի, «Զինվորական ծառայության մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը թե՛ իրավական որոշակիություն կմտցնի, թե՛ կնպաստի ճգնաժամի հանգուցալուծմանը։

Փաստաբան Տիգրան Եգորյանը կարծիքով, նախագահը արդեն մի քանի օր է, ինչ իրավունք չունի դիմել ՍԴ, Օնիկ Գասպարյանն էլ իրավունքի ուժով արդեն պաշտոնից ազատված է․ - «Վարչապետը չի օգտվել իր հնգօրյա ժամկետից, կրկին ներկայացրել է՝ առարկությունները չընդունելով, նախագահին Գլխավոր շտաբի պետին ազատելու նախագիծը։ Էսօր մարտի 9-նն է։ Առնվազն մենք տեղեկանում ենք նախագահի հայտարարությունից, որ ամսի 1-ի դրությամբ ստացած է եղել վարչապետի՝ նախագահի առարկությունը չընդունելու մասին և իր առաջարկությունը պնդելու մասին ակտը։ Եվ էդտեղից հաշված՝ եռօրյա ժամկետ ուներ նախագահը։ Այսինքն՝ մինչև 4-ը։ Դրանից հետո որևէ այլ գործողության իրավունք նախագահը չունի։ Այս պահին Գլխավոր շտաբի պետ չունենք մենք, և պետք է ներկայացվի Գլխավոր շտաբի պետի նշանակման մասին առաջարկությունը վարչապետի կողմից»։

Ուղիղ երկու շաբաթ է անցել վարչապետի որակումից, թե զինվորականները պետական հեղաշրջման փորձ արեցին։ Քրեական գործ գործ չկա, դատախազությունը մինչև այս պահը ուսումնասիրություններ է կատարում։ «Հրապարակ» օրաթերթն այսօր պնդել էր՝ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու։ Փաշինյանի թիմից Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ անօրինական գործողությունները իրավական հետևանքներ են ունենում. – «Անօրինական գործողութունը իրենից բխեցնում է իրավապահների արձագանք»։

XS
SM
MD
LG