Արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները, մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել հնարավոր բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն և գործնականում, այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց Հայաստանի վարչապետը:
«Վերջին 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, ես նկատի ունեմ հեղափոխությունից հետո, խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար», - նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե իրենց սխալների մեծագույն պատճառներից մեկը որպես իշխանություն սիրված լինելն է եղել:
Ըստ նրա` իրենք ձգտել են կատարելության, և կատարելության ձգտումը երբեմն էլ անգործության է բերել:
Ի դեպ, Փաշինյանը նշեց նաև, որ սխալներ արել է ոչ միայն այս իշխանությունը, այլև նախորդները, և ինքը ներողություն է խնդրում ՀՀ երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների արած սխալների համար:
Ինչ վերաբերում է ընթացիկ ներքաղաքական իրավիճակին, վարչապետը հայտարարեց. «Ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու, դա թույլ չենք տալու, թույլ չենք տալու տասնամյակների ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել»:
Նա անդրադարձավ նաև Մարտի մեկի գործին. «Պիտի արձանագրեմ, որ Մարտի մեկի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ` բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի մեկի գործը, եթե սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն այն է, որ ճիշտ է` կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի են ունեցել, բացահայտված են, և դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:
2008 թվականին իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, և այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ»:
Նիկոլ Փաշինյանը ելույթի մի հատվածն էլ նվիրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերջին հայտարարությանը: ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և մի խումբ զինվորականներ տարածած հաղորդագրությամբ պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։ Ինքը` Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին ներկայացրել առաջարկ Գասպարյանին պաշտոնից հեռացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանն այդ առաջարկը վերապահումներով հետ էր ուղարկել վարչապետին, իսկ վարչապետը նորից ուղարկել է նախագահին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե այն Գլխավոր շտաբի պետը, որը անում է քաղաքական հայտարարություններ, պետք է հեռանա. «Ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների` Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ:
Այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա, փառք Աստծո, այս պահի դրությամբ, Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի, բայց անխուսափելիորեն, կրկնում եմ` Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Բայց ուզում եմ ասել նաև, որ Զինված ուժերում, այո, վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի` ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել, որոշումն այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել հրամանով:
Ես ուզում եմ ուղիղ ասել, այստեղ ուղիղ պիտի ասեմ, որ երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ էտ ա դավաճանությունը, բայց էլի եմ ասում` թուղթը, եկեք ճիշտ հասկանանք, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է, և առնվազն այդ առաջարկը այլ գեներալների արել է Օնիկ Գասպարյանը, ստորագրելուց հետո այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ` Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության»: