Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանը Մարտի 1-ի գործով դատական պրոցեսը թատերական ներկայացում է որակում


2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 13 տարի անց էլ դեռ բացահայտված չեն տասը զոհերի մահվան հանգամանքները։ Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները, զոհերի հարազատներն և մի խումբ քաղաքացիներ ծաղկեպսակ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից պուրակում ի հիշատակ արյունալի հետընտրական իրադարձությունների զոհերի:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ նման հանցագործությունների չբացահայտումը կարող է հանգեցնել նոր հանցագործությունների:

«Մենք գոնե շահագրգիռ կողմ ենք, որ Մարտի 1-ը բացահայտվի: Սովորական մեծ-մեծ բառեր չասեմ, չբացահայտվեց՝ նոր ոճիրներ կլինեն, չպատժվեցին՝ նոր իշխանափոխություն կլինի, նոր ռևանշ կլինի, նոր հեղաշրջում կլինի: Այս ամեն ինչը փոխկապակցված են», - ասաց Մանուկյանը:

Սպանությունները մինչ օրս բացահայտված չեն, այն ժամանակվա մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտվեցին «անկարգություններ հրահրելու» մեղադրանքով։ 2018-ի մայիսի թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվեց։ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ևս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մինչև այժմ դատավարությունը, սակայն, նախնական դատական փուլից առաջ չի շարժվել: Արամ Մանուկյանը դատական պրոցեսը թատերական ներկայացում է որակում. «Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, էս երկրի ու երկրի ապագայի նկատմամբ, պետականության նկատմամբ: Այսպես չի կարելի երկրի հետ վարվել, այսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ, փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում»:

Արդեն երկու տարի է, ինչ դատարանները քննում են Մարտի 1-ի գործը։ Պաշտպանական կողմը շարունակում է դատավորին, դատախազներին ինքնաբացարկների միջնորդություններ ներկայացնել, իսկ տուժող կողմը, որ այս քայլերը դատական պրոցեսը ձգձգելու փորձեր է որակում վերջին կես տարին բոյկոտում է դատական նիստերը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանն ասում է՝ իրենց բոյկոտն ուղղված էր իշխանություններին. «Առանձին վերցրած որևէ դատավոր չի կարող Հայաստանի Հանրապետության այս կացության մեջ հայտնված դատական իշխանությունում հանդգնի նման հսկայական կոնտեքստի, ծավալի և լրջության գործ քննել, որն ըստ էության վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում նախորդ երկու տասնամյակի կառավարման կարգին և բովանդակությանը: Սա նորմալ է, որ այդ դատավորը պետք է ևս չցանկանա ընկղմվել ամբողջ խորությամբ և ծանրությամբ այս գործի մեջ, դրա համար դատարանը չի էլ ձգտում առանձնապես մեծ արագություն և էֆեկտիվություն հաղորդել այս գործի քննությանը: Բացի դրանից նաև տիրում է որոշակի անորոշություն, այսպես ասած իշխանության կապակցությամբ անորոշության»:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասում է՝ ակնկալում էր, որ այս դատական գործը մի շարք հարցերի պատասխան պետք է տար, բայց սպասումները չարդարացան:

«Գնում-գալիս ենք, մոտենում է երկու տարին, ո՞նց կարելի է՝ այսքան երկար ժամանակ մենք դատական փուլ չմտնենք՝ միջնորդություններ, միջնորդություններ: Լավ, վերջիվերջո ի՞նչ է լինելու, այնքան երկար միջնորդություններ են ներկայացնում՝ մեկը գնում է արձակուրդ, մեկը գնում է Սոչի, մեկը գնում է Գերմանիա և այդպես շարունակ ձգձգում են ու ձգձգում են: Վերջը ինչ կլինի, չգիտեմ», - նշեց Սարգիս Քլոյանը:

Վերաբացված գործով ամբաստանյալի աթոռին հայտնված նախկին նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները սա որակում են որպես քաղաքական հետապնդում։

XS
SM
MD
LG