Հայ ազգային կոնգրեսի անդամները Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Մարտի մեկի զոհերի հիշատակին:
Կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց, որ Մարտի մեկի գործը դեռ բուն դատավարության փուլին չի հասել. «Ունենք թատերական ներկայացում, որը կոչվում է դատական պրոցես, որը երկու տարի դեռ չի մտել դատական իրական պրոցեսի մեջ: Սա ֆարս է, սա ներկայացում է, անպատասխանատվություն է զոհերի, երկրի, պետականության նկատմամբ: Այսպես չի կարելի վարվել արդարության հետ, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ, փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում, և դա է պատճառը, որ ընդդիմադիր աշխատող, ընդդիմադիր կոչվածները, որոնք պատասխանատու են և Մարտի մեկի համար, և պատերազմի կորստի համար, և մեր անցած կորուստների համար, այսօր քաղաքական հայտ են ներկայացրել «քաղաքական իշխանություն» վերցնելու», - նշեց նա:
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։
Արամ Մանուկյանը շեշտեց նաև, որ երկիրը պետք է գնա քաղաքական լուծումների. «Ծայրահեղ ռևանշիստները, ծայրահեղ թավիշականները ոչինչ չեն անում երկիրը այս փոսից, այս խառնաշփոթից, այս քաոսից հանելու համար: Լուծումը քաղաքական է»: