Մատչելիության հղումներ

Մոսկվան արձագանքում է հայաստանյան իրադարձություններին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ․

Երեկ երեկոյան հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ «Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը և իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում։ Ռուսաստանի առաջնորդը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել» ,- փոխանցում է Կրեմլը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում նշված է․ - «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունում նման բան նշված չէ։

Երեկ պաշտոնական Մոսկվան արձագանքել է նաև «Իսկանդեր»-ի մասին Փաշինյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությանը։

«Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում, հավանաբար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Սա պաշտոնական Մոսկվայի առաջին արձագանքն է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարակուսանքով ու զարմանքով է ծանոթացել Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունում կիրառված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն պայթել կամ պայթել են միայն 10 տոկոսով։

Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը Ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով․ - «Հավանաբար Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա ոչ ճշգրիտ տեղեկություն է օգտագործել»։

Ե՛վ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, և՛ ավելի վաղ նաև ռուսաստանցի պատգամավորները պնդում են, թե «Իսկանդեր»-ը բազմիցս հաջողությամբ կիրառվել է Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների ընթացքում։

XS
SM
MD
LG