Եվրոպական դատարանը բավարարել է փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումներն ու որոշել գերության մեջ հայտնված ևս 23 անձի գործով հրատապ միջոց կիրառել: Նրանց թվում են նաև վերջերս Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերից գերեվարվածներից ոմանք։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:
«23-ը բոլորը նոր դեպքեր են, որոնցով դատարանը կիրառել է անհապաղ միջոցներ: Սա նշանակում է, որ իրենց գերեվարման կանխավարկածը դատարանի համար համոզիչ է եղել, այս պահին դատարանը կյանքն է վերցրել պաշտպանության ներքո, և բնականաբար կա նաև ադրբեջանական պետության պարտականությունը` վերադարձնել նշված անձանց, քանի դեռ ավելի ծանրակշիռ ապացույցներով չեն բացառել գերեվարումը», - փոխանցեց Սահակյանը։
Այս անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին փաստաբանների պնդումները հիմնված են ձեռք բերված մի շարք ծանրակշիռ ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա. «Դատարանը բավարարում է այն գործերով, որոնցով առնվազն հնարավոր է եղել կառուցել գերեվարման կանխավարկած: Եթե հավանականությունները մահվան և գերեվարման նույնը լինեն, բնականաբար դատարանը դրանք չի կիրառի, և իհարկե, քանի որ գործընթացը մրցակցային է, մենք չենք բացառում, որ կողմը կարող է նաև այլ ապացույցներ ներկայացնել: Դրանց գոյության պարագայում դատարանը կվերանայի իր որոշումը, բայց քանի դեռ նման ապացույցներ ներկայացված չեն, դատարանը, հենվելով մեր ապացույցների և տեղեկատվության վրա, հիմնավոր է համարել գերեվարումը»։
Թե երբ է ակնկալվում այս անձանց վերադարձը հայրենիք, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ասաց. «Կարծում եմ` այդ հարցին անդրադարձ կլինի արդեն տոներից հետո` հունվարի 12-13-ից հետո նոր այս խնդիրը կգտնվի ուշադրության կենտրոնում, և հնարավոր կլինի դրանից հետո խոսել վերադարձի մասին։ Տոն օրերը օգտագործվելու են այն նպատակով, որպեսզի բացառվի հայ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք»։
Փաստաբան Սահակյանի խոսքով՝ կան նաև Ադրբեջանի կողմից չհաստատված, սակայն գերեվարման անհերքելի դեպքեր։ Այս մասով իրավական գործընթացները շարունակվում են. «Դրանց առնչությամբ մենք շարունակում ենք իրավական գործընթացները, և այստեղ, իհարկե, վերադարձման առումով նշանակություն ունի պետության հաստատումը, որովհետև քանի դեռ պաշտոնապես չի հաստատել որևէ եղանակով, անձանց չի հանձնի Հայաստանին, բայց կարևոր նշանակությունի ունի նաև միջազգային գործընկերների դիրքորոշումը: Եթե ապացույցների ճնշման ներքո միատեսակ մոտեցում կա, որ նշված անձինք ողջ, գերեվարված են և պետք է օժտվեն գերեվարված անձանց նկատմամբ կիրառվող պաշտպանությունից, այստեղ միջազգային հանրությանը հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը կեղծարարությամբ է զբաղվում, միտումնավոր թաքցնում է և չի կատարում իր պարտավորությունները: Այս պարագայում կձեռնարկվեն գործողությունների Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի հարկադրեն պարտավորության կատարումը: Իսկ դրա համար մենք աշխատում ենք նաև միջազգային գործընկերների հետ, որպեսզի տեսնեն և իրենք հաստատեն գերեվարման հանգամանքը և ստիպեն Ադրբեջանին ընդունել այդ փաստերը»:
Փաստաբանը նաև նշում է՝ վերջին գործերով միտում են տեսնում, որ Ադրբեջանը պատշաճ և բարեխղճորեն չի համագործակցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ. «Ունեցել ենք դեպքեր, երբ տեղեկատվությունը տրամադրվել է, բայց նաև դեպքեր, երբ ժամկետները լրացել են, դատարանին որևէ պատասխան չի տրվել, և որոշ դեպքերում թեև պատասխան տրվել է, սակայն որակապես այն անօգտագործելի է եղել, ըստ էության չի պատասխանել այն հարցադրումներին, որոնք ներկայացվել են դատարանի կողմից։ Բայց այստեղ մենք արդեն գործ ունենք դատարան և պատասխանող պետություն հարթության հետ: Այս ամենին մենք հրավիրել ենք դատարանի ուշադրությունը, նաև հետևողականություն ենք դրսևորում, որ դատարանի հանդեպ պարտավորությունների ոչ պատշաճ հիմքով գործընթաց նախաձեռնվի Եվրոպայի խորհրդում, այդ թվում` այս դեպքը ուղարկվի նախարարների կոմիտե, քանի որ մեր համոզմամբ` Ադրբեջանը միտումնավոր խախտում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր հանձնառությունները»։
Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարան 80 գերեվարվածների հարցով են դիմումներ ներկայացրել, ավելի քան 100 դիմում էլ ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։ Ընդհանուր առմամբ պատերազմից հետո Հայաստան վերադարձված գերիների թիվը 54 է, թեև հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։ 14 անձ էլ վերադարձվել է Բաքու, այդ թվում՝ 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը։
Երեկ էլ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին, ներկայացրել նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները։ Նախարարը ծնողներին հայտնել է, որ երեկ Մոսկվայում հանդիպած Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։