Մատչելիության հղումներ

«Ինձ համար պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին ու տևել է մինչև երեկ». ավելի քան երկու ամիս որդուց լուր չլսած ծնողների երջանկությանը չափ չկա


10-ը շաբաթ կամ ավելի քան 2 ամիս տղայի մասին ոչ մի լուր՝ Արթուրը ողջ է, առողջ, թե գերի: Հայրը՝ Գարիկը, վերջին անգամ հուսադրող լուրեր չէր լսել. տղան, ծառայակիցների հետ միասին ադրբեջանցիների վերահսկողությանն անցած Հադրութի գյուղերից մեկում էր պատսպարվել, հետո մոտակա անտառն էին անցել։ Այդքանը։ Թե ի՞նչ եղավ դրանից հետո, ծնողներն իմացան երեկ, երբ տղան երկար դեգերումներից հետո գտնվեց։ Մայրն էր վերջին անգամ Արթուրի հետ խոսել. հուսադրել էր որդուն՝ ամեն ինչ լավ է լինելու։

«Ասացի՝ Արթուրիկ, չվախենաս հանկարծ, անընդհատ կաղոթես ու պապան մոտերքում է, ինքը չի թողնի, որ ձեզ վտանգ լինի, ասաց՝ հա, մամա, չեմ վախենում, գիտեմ, որ պապան մոտերքում է: Դա եղել է իմ ու իրա վերջին խոսակցությունը», - ասաց Արթուր Հարությունյանի մայրը՝ Սոնա Ադամյանը:

Ամեն ինչ Արթուրի հետ կապված հայրը Մարտակերտից բերել էր Երևան՝ մայրն էր խնդրել. վախենում էր՝ որդու հետ կապված հիշողություններն էլ պատերազմի պատճառով կարող է կորցնել։

Անցած շաբաթներին իրենց գլխովն անցածը տիկին Սոնան շատ կարճ նախադասությամբ է ներկայացնում. «Չգիտեմ՝ օրերը ոնց են սկսել, ոնց են բացվել, ոնց են մթնել, ես չեմ հիշում, ինձ համար պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին ու տևել է մինչև երեկ»:

Ինքը Երևանում փորձում էր տարբեր գերատեսչությունների ու փաստաբանների միջոցով պարզել՝ հնարավո՞ր է տղան գերիների ցանկում է, հայրն էլ Արցախում շարունակում էր որևէ հետք գտնել որդուց, ինչ-որ ճանապարհով նրան ու զինակից ընկերներին ադրբեջանական շրջափակումից դուրս բերելու համար։

«Այդ ժամանակահատվածում ամուսինս էլ էդ էրեխեքի ցուցակն ուներ՝ ովքեր են, որ մասերից են՝ մեկը Գորիսից, Հրազդանից, Գառնիից, տարբեր տեղերից, ցուցակն ուներ մոտավորապես: Մենք մտածում էինք մի էրեխու գտնելու գտնելու հետ կապված մենք կարող ենք ամբողջ էրեխեքի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ստանալ», - պատմեց Ադամյանը:

Երեկ անսպասելի ստացան սպասված լուրը, առաջինն Արցախում գտնվող հայրն էր իմացել։ Բայց մտավախություն կար՝ գտնելուց հետո տղաներին կարող է ադրբեջանական կողմը գերի վերցներ։

Դավիթն էլ էր Արթուրենց խմբից եղել. Նրա հետ էլ են ծնողները վերջին անգամ հոկտեմբերի 15-ին խոսել։ Մայրը՝ Ալինան պատմում է՝ բանակ զորակոչվելուց հետո տղային Ասկերան, իսկ պատերազմի ընթացքում էլ Ջաբրայիլ էին տեղափոխել։ Երկար ժամանակ կարծում էին, որ իրենց տղան հենց այնտեղ է։

«Մենք իրան Ջաբրայիլում էինք փնտրում, բայց պարզվեց, որ ինքը Հադրութում է եղել, Հադրութում շրջափակման մեջ են եղել, իրանք դուրս են եկել, մեծ մասը դուրս չի եկել, որովհետև մենք զինվորներ գտանք Լուսակերտի զորամասում, պատմում էին, որ մի 100-ից 18-ն է դուրս եկել», - պատմեց Դավիթ Սահակյանի մայրը՝ Ալինա Եգորովան:

Տիկին Ալինան էլ անցած շաբաթների ընթացքում որդուն երազներում էր տեսնում ու հույսը չէր կորցնում, որ գտնվելու է տղան. «Ես գիտեի, որ ինքը մրսում է, բայց ես գիտեի, որ ինքը ողջ է ու գալու է: Ես երազ տեսա, որ ինքը եկել էր»:

Երեկ էլ որդու հետ հնարավորություն ունեցան խոսելու, Դավիթն արդեն հիվանդանոց էր տեղափոխվել։ Շաբաթներ շարունակ թևի հրազենային վնասվածքով Դավիթը տրամադրությունը չէր գցել։

Ինչպե՞ս շաբաթներ շարունակ առանց հաց ու ջուր, իսկ վերջերս էլ արդեն առանց համապատասխան հագուստի, 6 ժամկետային զինծառայողներին հաջողվեց փրկվել, ծնողներն ասում են՝ իմացան երեկ, բայց տղաների ապրածի ու տեսածի միայն 1 տոկոսը։ Սովամահությունից փրկվել էին Հադրութի շրջանում պատսպարված տների պահածոներով ու սննդով։ Արդեն ընկեր դարձած 6 տղաների ոտքերը ցրտահարվել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG