Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերից գերի ընկած զինվորականներին։ Նա նշեց, որ գերեվարվածների տվյալներն են ճշգրտվում, ադրբեջանական կողմի հետ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մակարդակով բանակցություններ են ընթանում:
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում, այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ և մոտակա ժամանակներս ակնկալու ենք հանգուցալուծում», - ասաց Ավինյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի Պաշտպանության բանակի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։
Խծաբերդում գերի ընկած զինվորականները հիմնականում Շիրակի մարզի տարբեր համայնքներից են: Գերեվարվածների հարազատները երեկ ճանապարհներ էին փակել՝ իշխանություններից բացատրություն պահանջելով, թե ինչու են իրենց երեխաները եռակողմ պայմանագրի կնքումից մեկ ամիս անց գերի ընկնում: Ըստ ազատանցիների, իրենց գյուղից գերեվարվածները 6-ն են: Նրանց ծնողների մի մասը մեկնել է Արցախ: Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն ասում է, որ մշտական կապի մեջ է Արցախում գտնվող հարազատների հետ: «Ազատությանը» համայնքապետը փոխանցեց, որ ծնողներից 2-ին հնարավորություն է տրվել անմիջական մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին:
«Իրենք նաև հնարավորություն են տվել ծնողներից երկուսին մասնակցել բանակցություններին՝ Ղարաբաղի ղեկավարություն և ռուս խաղաղապահների ղեկավարների հետ: Ռուսական կողմին Ադրբեջանը ներկայացրել է, որ հայկական կողմը զինված մտել է ադրբեջանական տարածք, և դա ներկայացնում են, որ քրեորեն պատժելի է, պետք է քրեական գործ հարցուել, պատասխանատվության ենթարկել: Չգիտեմ, ռուսական կողմը երեք օր ժամանակ է պահանջել, որ կարողանան վերջնական համաձայնության գան՝ բանակցությունների մեջ մտնելով կարողանան մեր գերեվարվածներին և շրջափակման մեջ գտնվող զորքին հետ վերադարձնեն Հայաստան», - ասաց Իկիլիկյանը:
«Ազատության» հարցին՝ ծնողների՞ց են երեք օր ժամկետ պահանջել, Ազատանի համայնքապետը պատասխանեց. «Ծնողներից չեն ուզել, ադրբեջանցիների հետ է պայմանավորվածությունը նաև ծնողների ներկայությամբ, որ ադրբեջանցիները երեք օր մեր գերեվարվածների և զինծառայողների անվտանգությունը ապահովեն և երեք օրից հետո կարողանան հետ վերադարձնել հայկական կողմին»:
Ըստ համայնքապետի՝ զուգահեռ նաև տեղի միջազգային կառույցներում են փորձում հարցը բարձրաձայնել ու տվյալներ փոխանցել գերեվարվածների մասին, որ հնարավոր լինի արագ լուծում գտնել:
«Փորձում ենք ստեղի կառույցների հետ ինչ-որ բաներ անել, փորձել հասկանալ, նաև այլ եվրոպական կառույցներ խառնել, Ազգային ժողով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, և մենք էլ էստեղից կարողանանք օգնել, օժանդակել, որպեսզի կարողանանք հարցը լուծել դրական իմաստով», - նշեց Վարդան Իկիլիկյանը:
Շիրակի մարզպետն էլ այս պահին հանդիպումներ է ունենում Կարմիր Խաչի և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Երեկոյան ժամը 7-ին հարազատները կրկին հավաքվելու են մարզպետարանում՝ լսելու, թե գերի ընկած իրենց երեխաների հարցով ինչ քայլեր են իրականացվում: