Արցախի պաշտպանության բանակն արձագանքել է Ադբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում «հայկական զինված խմբավորում» հարձակել է ադբեջանական ստոաբաժանման վրա։ Ի պատասխան հայկական կողմը հայտնում է, որ «Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել»։ «Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել», - հայտարարում է Պաշտպանության բանակը։
Ավելի վաղ՝ երեկ կեսգիշերն անց, Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել էր ադբեջանական կողմի տարածած լուրերը և հիշեցրել էր, որ Տող գյուղը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարության մեջ գրում է, թե «ադրբեջանական ստորաբաժանման վրա հարձակվել է կա՛մ հայկական զինված խումբ, կա՛մ տարածքում հայկական զինված ուժերից մնացած 6 հոգանոց ջոկատ»։ Վեց հոգին էլ, ըստ Ադրբեջանի, սպանվել են, ադրբեջանական կողմն էլ ունի 1 զոհ և 1 վիրավոր։ Հայկական կողմը նոր զոհեր ունենալու մասին որևէ տեղեկություն չի տալիս։
Ակնկալվում էր, որ այսօր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը պետք է որոնողական ու փրկարարական աշխատանքներ կատարեր Հադրութի շրջանում, նաև Տող գյուղի տարածքում, սակայն օրվա 2-րդ կեսին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը այսօր թույլ չի տվել հայ փրկարարներին մտնել այդ տարածք առանց պատճառաբանություն ներկայացնելու։
«Փաստորեն այնպես է ստացվել, որ համաձայնություն կար, առավոտյան խմբերն արդեն դուրս են եկել և հասել են մինչև Շեխեր գյուղ, դա Մարտունու շրջանում է, Շեխերից այն կողմ արդեն սկսվում է Հադրութի շրջանը` Դրախտիկ գյուղով, և ջոկատներին չեն թողել, որ մտնեն անգամ Դրախտիկ գյուղ, այնտեղ զգուշացրել են, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվելու, և դադարեցվում է», - հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակը:
Հունան Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման նախադեպ եղե՞լ է, որ անակնկալ թույլ չտան մտնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք. հիշեցրեց՝ Խծաբերդի դեպքերից հետո. «Երբ որ Հադրութի շրջանում, Նոր Թաղեր և Խծաբերբ համայնքներում տեղի է ունեցել փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, այդ ժամանակ ևս այդ տարածքներում, այդ շրջանում կոնկրետ որոնողափրկարարական աշխատանքները կասեցվել են, և կարծես թե սցենարը նույնն է: Այս դեպքում էլ կապված է երեկվա միջադեպի հետ»:
Հայ փրկարարների առջև դրված՝ Հադրութ այսօր չմտնելու արգելքը թույլ է տալիս Թադևոսյանին ենթադրել, որ այնուամենայնիվ այնտեղ որևէ միջադեպ տեղի է ունեցել, և չի բացառվում, որ հայտնաբերվել է հայկական թաքնված խումբ, որի հետ սկսվել է փոխհրաձգություն. «Ամենաքննարկվող և ամենահավանական տարբերակն ադրբեջանական խորքում գտնվող զինծառայողներն են, որոնց ճակատագիրն անհայտ էր, և նրանց մասին տեղեկություն չկար, անհետների ցուցակում էին, գուցե այդ խորքում մնացած զինվորականներն էին, կամ էլ ապատեղեկատվություն»:
Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ ադբեջանական զինված ուժերի ներսում է փոխհրաձգություն եղել
Քաղաքական մեկնաբան Ստեփան Գրիգորյանի կարծիքով, սակայն, ավելի հավանական է մեկ այլ սցենար. ադբեջանական զինված ուժերի ներսում է փոխհրաձգություն եղել, կա սպանված զինվորական, ինչից հետո նրանք տեղի ունեցածը ցանկանում են բարդել հայկական կողմի վրա. «Մեծ գաղտնիք չի, որ իրենց զորքը Հադրութի շրջանում թալանով է զբաղված, դա նորություն չեմ բացում: Այնտեղ կյանքում չեն ապրել ադրբեջանցիք, բոլոր գյուղերը բավական հարուստ գյուղերը նաև այդ շրջանում հիմա թալանի տակ են, ու չի բացառվում, որ իրենց զինվորները, պարզ է, ինչ-որ բան չկիսեցին թալանածից, ու իրար հետ կրակ բացեցին: Դա չի բացառվում, քանի որ այդ ձևի ինֆորմացիա եղել է վերջին ժամանակներս, հիմա մեզ վրա փորձում են գցել, քանի որ պարզ է` պատիվ չի բերում չէ զինվորին թալանով զբաղվել և այլն»:
Մյուս կողմից` Գրիգորյանն ավելացնում է, որ եթե այնուամենայնիվ, Հադրութում կամ հարակից բնակավայրերում կան ողջ մնացած պատերազմի հայ մասնակիցներ, ապա հայկական կողմը պետք է բանակցություններ վարի ռուս զինվորականների միջնորդությամբ, որ այդ մարդկանց տրվի մարդասաիրական միջանցք տուն վերադառնալու համար. «Մեղքը հենց Ադրբեջանի վրա է, քանի որ բոլորը գիտեն` գերի ընկնել ադրբեջանցիների մոտ շատ վտանգավոր է: Դա է պատճառը, որ այո, կարող է լինեն խմբեր մեր զինվորների, որոնք չեն ուզում գերի ընկնել: Ուրեմն, եթե Ադրբեջանն ուզում է, որ այդ ձևի դեպքերում բախումներ չլինեն, թող ինտեր կարիդոր տա, ու այդ տիպի խմբեր դուրս բերվեն շրջափակումից»:
Այնուամենայնիվ հայկական պաշտպանական գերատեսչությունները պաշտոնապես չեն խոսել նշված 2 վարկածներից որևէ մեկի մասին և Ադրբեջանի հաղորդած լուրերն անվանում են ապատեղեկատվություն։