Անհետ կորած զինծառայողների հարազատներից մի խումբ այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումից հետո՝ ծնողներից մեկն ասաց՝ իր հարցերի պատասխաններն այդպես էլ չի ստացել։
«Ես իմ հարցերի պատասխանը չեմ ստացել, բավարարված չեմ մեր կառավարությունից», - հայտարարեց նա:
ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար Հայաստանին երկրորդ սարքավորումն է անհրաժեշտ։ Այս պահին ընդամենը մեկն է, որի պատճառով էլ նույնականացման օրեր տևող գործընթացն էլ ավելի է դանդաղում։ Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած անհետ կորած զինծառայողի հարազատն ասաց. «ԴՆԹ ապարատները, երևի-ով է պատասխան տրվցվում՝ երբ կմտնի...., համենայն դեպս 2020 թվականին չի լինելու այդ ապարատի գործունեությունը»:
Առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով՝ մարմինների ավելի քան 700 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Դատագենետիկական հետազոտության արդյունքում պատերազմի սկզբից ի վեր նույնականացվել է 361 մարմին:
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկ այլ խումբ էլ այս ընթացքում կառավարության շենքի առջև սպասում էր, թե իրենց հետ երբ կհանդիպի Նիկոլ Փաշինյանը։ «Ազատության» հետ զրույցում նշում էին, 70 օր է, ինչ որևէ տեղեկություն չունեն իրենց որդիներից, կառավարությունն էլ հստակ պատասխաններ չի տալիս։
«Հոկտեմբերի 24-ից բոլոր ճանապարհներով, բոլոր ուղղություններով դիմել ենք, բոլորին խնդրել ենք, որ մեզ մի հատ կոնկրետ պատասխան տան, որ գան, օգնեն, ման գանք, գտնենք երեխաներին, բայց դեռ ոչ մի հատ գոհացուցիչ պատասխան չկա: Ես գիտեմ, որ իմ տղան գերի է, ես էդքան բանը զգում եմ, մենակ ես չէ, էդ ծնողները էս մնացած, ահագին մեծ թիվ է, մեծ թիվ են գերիները, բայց ես չեմ հասկանում՝ երբ պիտի այդ ամեն ինչը պարզաբանվի: Եթե մեր երկրի ուժը չի պատում, ուղղակի խնդրում ենք՝ Պուտինը թող միանա մեր ղեկավարին, մեջտեղում մեր երեխաների հարցն է: Չեմ ուզում քաղաքականացնել: Անձամբ ես մի քանի անգամ բարձրացել եմ վերև և ի՞նչ գնում է, բայց շատ դանդաղ, արդյունքները գոհացուցիչ չեն, եթե գոհացուցիչ լինեին, ես այստեղ կանգնած չէի լինի՝ իմ տղային ման գալու: Ես գիտեմ, որ երեխաները ողջ են», - ասաց հավաքվածներից մեկը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Հադրութում, Զանգելանում և Ջաբրայիլի շրջանում։ Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել:
«Երեկ որոնողական աշխատանքները, որ նախապես նշել էինք, որ իրականացվելու է հիմնականում հարավային ուղղությամբ, բայց օրվա ընթացքում փոխվել են այնտեղ պլանները՝ բանակցությունների արդյունքում, մեկ ջոկատ փրկարարական գնացել է հյուսիսարևելյան թև, դա Մատաղիս և Թալիշ ուղղություններն են: Այնտեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երեք զինծառայողի աճյուն, ևս մեկ աճյուն հայտնաբերվել է հարավային շրջանից՝ Ջաբրայիլի հատվածում», - նշեց Թադևոսյանը:
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1073 աճյուն, ողջ մնացած 7 հայ զինծառայողներ և ևս երկու խաղաղ բնակիչ։