Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում սկսվել է ընտրիչների քվեարկությունը


ԱՄՆ-ի Ընտրիչների կոլեգիայի անդամներն այս րոպեներին նահանգների մայրաքաղաքներում սկսում են քվեարկությունը, որով ավարտին կհասցվի նախագահական ընտրությունների գործընթացը, և դեմոկրատ Ջո Բայդենը կհայտարարվի որպես Միացյալ  Նահանգների 46-րդ նախագահ։

Ամերիկայում նախագահ են ընտրում ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որում յուրաքանչյուր նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան ընտրիչներով:

Փաստացի ընտրիչները միջնորդ են հանդիսանում՝ արտահայտելով իրենց նահանգների ընտրողների կամքը։ Ամերիկյան 50 նահանգներից 29-ում և Կոլումբիայի շրջանում գործող կարգի համաձայն՝ ընտրիչները պետք է քվեարկեն բացառապես այն թեկնածուի օգտին, որը ստացել է շարքային ընտրողների ձայների մեծամասնությունը։

Այսպիսով, նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Ջո Բայդենը ստացել է 306 ընտրիչի աջակցություն՝ ընդհանուր 538-ից, նրան անհրաժեշտ էր 270 քվե։

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ով ստացել է ընդամենը 232 քվե, շարունակում է կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, առանց հիմնավոր փաստերի պնդում, թե մրցակից դեմոկրատները տարբեր եղանակներով կեղծել են ընտրությունները։

Դաշնային և նահանգային դատարանները անցած մեկ ամսվա ընթացքում մերժել են Թրամփի և նրա դաշնակիցների տասնյակ հայցեր, որոնք վերաբերում էին այսպես կոչված տատանվող նահանգներում ընտրությունների արդյունքներին։ Սպիտակ տան ղեկավարի աջակիցները այդ հայցերում, առանց հիմնավոր ապացույցների, պնդում էին, որ Բայդենի հաղթանակը կեղծված է, պահանջում չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները։

Անցած ուրբաթ Գերագույն դատարանն է հրաժարվել քննել Թեքսաս նահանգի հայցը, որով հանրապետականները կոչ էին անում չեղարկել Ամերիկայի չորս նահանգներում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթել է դեմոկրատ թեկնածուն։

Ընտրություններից հետո մինչև օրս Թրամփի փաստաբաները դատարաններ են ներկայացրել ավելի քան հինգ տասնյակ հայցեր, բոլորի դեպքում անխտիր դատարանները մերժել են հայցերը՝ չգտնելով որևէ ապացույց ընտրությունները կեղծելու վերաբերյալ։

Իր պարտությունը վերանայելուն ուղղված նախագահի անհաջող ջանքերին աջակցելու նպատակելով նախօրեին մայրաքաղաք Վաշինգտոնում են հավաքվել Թրամփի հազարավոր հետևորդներ, որոնք կոչ էին անում գործող նախագահին ևս չորս տարի մնալ Սպիտակ տանը։

Ինքը՝ Միացյալ Նահանգների քառասունհինգերորդ նախագահը, ով մինչև հիմա չի շնորհավորել իր մրցակցին և պաշտոնապես չի ընդունել ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունը, հայտարարում է, որ շարունակելու է պայքարը, քանի որ իր համոզմամբ, ինքն է նոյեմբերի երեքի ընտրությունների հաղթողը։

«Ընտրությունները կեղծվել են», - «Ֆոքս նյուզ» հեռուստաընկերության հետ զրույցում կրկին պնդել է Դոնալդ Թրամփը՝ մեղադրանքների սլաքն ուղղելով դեպի ընդդիմադիր դեմոկրտաների ճամբար։

2020 թվականի ընտրություններին կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամերիկացի ընտրողների մեծամասնությունը գերադասել էր քվեարկել փոստով կամ վաղաժամ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, փոստով և վաղաժամ են քվեարկել հիմնականում Ջո Բայդենի ընտրողները։ Թրամփն ընտրարշավի ընթացքում և հատկապես հիմա իր թերահավատությունն է հայտնում փոստով քվեարկության արդարության և թափանցիկության հանդեպ՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են հենց փոստով քվեարկության արդյունքում։

XS
SM
MD
LG