ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար 74-ամյա Դոնալդ Թրամփի ու 77-ամյա Ջոզեֆ Բայդենի ընտրապայքարը մոտենում է ծայրաստիճան սրված վերջաբանի։
Ընդամենը մի քանի նահանգներում շարունակվող ձայների հաշվարկը դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին մոտեցնում է հաղթանակի, իսկ գործող նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը աննախադեպ ու անհիմն հայտարարություններով վիրավորում է ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացները։
Նոյեմբերի 6-ի դրությամբ առանցքային 4 նահանգներից 3-ում, որտեղ դեռ հաղթողը որոշված չէ, երկու թեկնածուներին տված ձայների տարբերությունը ավելի է կրճատվել, ինչը սկսել է անհանգստացնել շատ ամերիկացիների, որոնք հույս ունեին քվեարկությունից գոնե երկու օր անց տեսնել հոգնեցուցիչ ու ծայրաստիճան մարտական ընտրությունների վերջը։
Ջո Բայդենը այս պահի դրությամբ Ջորջիայում առաջ է անցել Դոնալդ Թրամփից։ Սա կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ջորջիան ընտրական կոլեգիայի 16 ընտրիչներ ունի, եթե Դոնալդ Թրամփը կորցնի նրանց քվեն, ապա գործնականում այլևս կկորցնի վերընտրվելու շանսը։ Ձայների հաշվարկը Ջորջիայում դեռ չի ավարտվել, սակայն մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են՝ Բայդենը մրցակցից առաջ է 1096 ձայնով։ Միաժամանակ Բայդենը պահպանում է փոքր առավելությունը Նևադայում և Արիզոնայում։
Սպիտակ տանը մնալու համար Թրամփի վիճակն ավելի ծանր է, իհարկե, եթե այս պահի միտումները չփոխվեն։ Նա հանդես եկավ կոշտ հայտարարություններով, առանց որևէ ապացույց ներկայացնելու հայտարարեց, թե քվեների հաշվարկը շարունակող նահանգներում խաբեություն է տեղի ունենում:
«Եթե հաշվեք օրինական քվեները, ես հեշտությամբ հաղթում եմ, եթե հաշվեք անօրինական քվեները, նրանք կարող են փորձել մեզնից գողանալ ընտրությունները», - նոյեմբերի 5-ին ասել է Թրամփը։ Նա պնդել է, որ ամբողջ երկրով մեկ մի շարք մտահոգիչ խախտումներ են տեղի ունեցել: Մինչ այս վերջին հայտարարությունը, քվեարկության հաջորդ օրը Թրամփը հայտարարել էր, թե հաղթել է ընտրություններում․
Նրա աջակիցները Ֆեյսբուքում խումբ էին ստեղծել «Կանգնեցնել գողությունը» անվանումով և այդ խմբի միջոցով կազմակերպում էին բողոքի ակցիաներ քվեների հաշվարկը շարունակելու դեմ։ Սակայն Ֆեյսբուքը որոշեց արգելափակել այդ խումբը։ Սոցցանցի ղեկավարությունը հայտնեց, որ այդ խումբը արագորեն տարածվելով, բռնությունների հռետորաբանությամբ և անհիմն հայտարարություններ է տարածում՝ դեմոկրատներին մեղադրելով ընտրությունները գողանալու մեջ։ Ընդամենը մեկ օրվա մեջ խմբի անդամները հասել էին 365 հազարի։ Ֆեյսբուքի ներկայացուցիչ Էնդի Սթոունը ասել է. «Խումբը կազմակերպվել է ընտրական գործընթացները լեգիտիմությունից զրկելու շուրջ, և մենք տեսել ենք բռնությունների կոչեր խմբի որոշ անդամների կողմից»։
Թրամփը հայտարարել էր, որ կդիմի դատարան, ու նրա թիմն արդեն հայցեր է ներկայացրել քվեաթերթիկների հաշվարկը շարունակող նահանգներում։ Սակայն արդեն երկու նահանգներում Թրամփի թիմի ներկայացրած դատական հայցերը տապալվել են։ Միչիգանի և Ջորջիայի դատարաններում նրանք պարտվել են, հայցերը չեն բավարարվել։
Թրամփի հիմնական պահանջներից մեկն այն է, որ նոյեմբերի 3-ից հետո ծրարներով ստացվող քվեաթերթիկները չհաշվեն։ Սակայն շատ նահանգներ թույլատրել են փոստային ծառայության միջոցով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկը նաև նոյեմբերի 3-ի քվեարկությունից հետո, եթե ծրարի վրա ամսաթիվը նշող փոստային կնիքը հաստատում է, որ ընտրողի քվեարկությունը կատարվել է մինչ նոյեմբերի 3-ը, այլ ոչ թե դրանից հետո։
Դեմոկրատները պնդում են, որ ընտրատեղամասերում պետք է հաշվեն մինչև վերջին քվեաթերթիկը։ Ընտրողների ձայներն անտեսելը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:
Դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենը, երեկ ելույթ ունենալով իր հայրենի Դելավեր նահանգում, ամերիկացիներին հորդորել է հանդարտություն պահպանել, քանի դեռ հաշվում են վերջին քվեաթերթիկները, իր կարճ ելույթում նա նաև համոզմունք է հայտնել, որ հաղթելու է։