Ի տարբերություն շատ երկրների առաջնորդների, որոնք զուսպ ու զգույշ են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու հարցում, քաղաքագետները, փորձագիտական խմբերը կաշկանդված չեն, ու սոցցանցերը, մամուլը լի են տարբեր մեկնաբանություններով։
Ուկրաինան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարում բավականին մեծ տեղ էր գրավում, պաշտոնապես խորը լռություն է պահպանում:
«Զելենսկին հնարավորինս լավագույնն է արել ԱՄՆ-ի ընտրական գործընթացների ժամանակ չեզոքություն պահպանելու համար։ Դա Զելենսկուն և նրա վարչակազմին բոնուսներ է երաշխավորում ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում», - «Ռոյթերզ»-ին ասել է Կիևում գործող «Պենտա» կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն։
Չինաստանում, որը Թրամփի վարչակազմի հետ առևտրային պատերազմի մեջ է, կոմունիստական կուսակցության հետ կապված «Գլոբալ Թայմս» թերթի խմբագիր Հու Սինցիզինն ասել է, թե ընտրությունների ժամանակ նման կարգի անկարգությունները սովորաբար բնորոշ են աղքատ երկրներին, բայց մարդիկ անհանգստացած են, որ դա կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ը դեգրադացիայի մեջ է, Թվիթերում գրել է չինացի խմբագիրը։
Կրեմլի հետ կապեր ունեցող «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամը» «Տելեգրամ կանալ»-ում գրել է՝ իհարկե, Բայդենի հաղթանակը կարող է ինչ-որ չափով քաղցրացնել դեղահաբը և այս անհաջողության հիմնավորումներ գտնել, բայց այն, ինչ այս պահին տեղի է ունենում, ակնհայտորեն ցույց է տալիս, որ հանրային կարծիքի ուսումնասիրման ու քաղաքական կանխատեսումների հուսալի մեթոդներ չկան։
Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումների, ռուսաստանցիների 60 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, 20 տոկոսը գերադասել է տեսնել Թրամփի հաղթանակը։
Ռուսական նաև սատիրայի ժանրի գրառումներ կան, որոնք հեգնում են ռուսաստանյան պետական գործիչներին երկրի բոլոր ձախողումները Ամերիկայի վրա գցելու համար։ «Այսօր բոլորիս համար շատ կարևոր օր է։ Ամերիկացիները մի մարդու են ընտրում, ով մեր բոլոր խնդիրների համար պատասխանատու է հաջորդ չորս տարիների ընթացքում», - սոցցանցում գրել է օգտատերերից մեկը:
Լեհ քաղաքագետ Զբիգնև Լևիցկիի կարծիքով՝ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում հնարավոր է բարելավվեն Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի ու Բեռլինի հետ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ծրագիրն իրականացնելու վրա։ Իսկ Լեհաստանի հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրությունները երկրորդ պլանում կլինեն։ Թրամփի հաղթանակի դեպքում արտաքին քաղաքականության ուղղություններում էական փոփոխություններ չեն լինի։
Իրանցի տնտեսագետ Սիմակ Ղաշեմին Թվիթերում գրել է. - «Ես իմ ամբողջ կյանքում երբեք չէի մտածի, որ մի օր կանհանգստանամ Վիսկոնսինի համար»։
Թրամփի թիմի կողմից դատարաններ ներկայացվող հայցերի կապակցությամբ «Վիսկոնսին-Մեդիսոն» իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Յաբլոնն ասել է. - «Ներկայիս իրավական մանևրերը Թրամփի թիմի համար խաղն ընդլայնելու միջոց է, հույս ունենալով, որ կարող են ինչ-որ լուրջ անոմալիաներ առաջանալ։ Ներկա պահին, ձայների հաշվարկի սիստեմատիկ խախտումների ոչ մի նշան մենք չենք տեսնում»:
Ֆինանսական շուկան իսկույն արձագանքել է ամերիկյան ընտրությունների արդյունքների անորոշությանը։ Միջազգային բաժնետոմսերի շուկաներում խիստ տատանումներ են։ Աշխարհի շատ անկյուններում խուլ լռություն է։